Կարծիք

21.10.2014 17:59


ԲՀԿ պատգամավոր. «Հոկտմբերի 24-ի համազգային հանրահավաքը դառնալու է իրական գործողությունների սկիզբը»

ԲՀԿ պատգամավոր. «Հոկտմբերի 24-ի համազգային հանրահավաքը դառնալու է իրական գործողությունների սկիզբը»

Մենք տարիներ շարունակ բարձրաձայնում ենք իշխանության բացթողումների մասին:

Տարիներ շարունակ մատնացույց ենք անում այն թերությունները, որոնք առկա են մեր երկրում:

Ազգային ժողովում ամեն անգամ, երբ շրջանառության մեջ է մտել որևէ օրինագիծ, որը չի բխել ժողովրդի շահերից, ԲՀԿ խմբակցությունը հանդես է եկել իր բացասական դիրքորոշմամբ և հանդես եկել հստակ առաջարկներով:

Սակայն ականջալուր չլինելու պատճառով ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկրում արտագաղթն ու գործազրկությունը հասել և անցել են վտանգավորի շեմը: Մեր երկրում շուրջ մեկ միլիոն մարդ ապրում է աղքատ:

Մեկ միլիոն մարդ չի կարողանում հոգալ իր տարրական սոցիալական պայմանները:

Մեկ միլիոն մարդ հնարավորություն չունի օգտվելու Սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքներից:

Չեմ խորանում վիճակագրական տվյալների մեջ, որոնք հասարակությանը ծանոթացնելու կարիք չկա:

Վերջին մեկ տարում մենք ականատես եղանք օրենսդիր և գործադիր մարմիններին ուղղված բողոքի բազմաթիվ ակցիաների ու ընդվզման ցույցերի:

  • Պարտադիր կուտակային օրենքի դեմ բողոքի ցույցեր,
  • Տաքսու վարորդների բողոքի ցույցեր,
  • Ուսման վարձավճարների թանկացման դեմ բողոքի ցույցեր,
  • ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների բողոքի ցույցեր,
  • Իրացված տարածքներից տուժած բնակիչների բողոքի ցույցեր՝ Կոնդի, Ֆիրդուսի, Նորագյուղի, Կիլիկիա և այլ օտարված և ամայացված տարածքներ, որոնց բնակիչներն առ այսօր անորոշության մեջ են:
  • Անարդար դատական վճիռներ,
  • Էլէկտրաեներգիայի և գազի սակագների թակացման դեմ պայքարի ցույցեր,
  • Ամենօրյա կարմիր գծերի և արագաչափերի գրպանահատությունը,
  • Գյուղացու ապրելու և աշխատելու պայմանների ու երաշխիքների բացակայություն,
  • Բանկային անհամաչափ բարձր տոկոսադրույքներ և դրանց աղետալի հետևանքներ։

Սրանց ականատես ենք եղել բոլորս, և ոչ ոք չի կարող սա հերքել:

Սակայն քանի՞ հոգի է ենթարկվել պատասխանատվության,

Ի վերջո, ովքե՞ր են պատասխան տալու մեկ միլիոն աղքատ ապրողի համար:

Սա՛ է համախմբում մեր հայրենակիցներին, ովքեր այլևս չեն ցանկանում ապրել անարդարության մթնոլորտում:

Հոկտմբերի 24-ի համազգային հանրահավաքը դառնալու է այն իրական գործողությունների սկիզբը, որոնց անհրաժեշտությունը մեր ժողովուրդն այդքան շատ է սպասում:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

Վահե Էնֆիաջյան

Այս խորագրի վերջին նյութերը