Կարծիք

21.10.2014 14:52


Մերի Մովսիսյան.«Լավագույն տարբերակն արժանապատիվ հեռանալն է»

Մերի Մովսիսյան.«Լավագույն տարբերակն արժանապատիվ հեռանալն է»

Բաղրամյան 26-ը համապետական շարժման դեմ է նետել իր «ծանր հրետանին»՝ տարբեր «տրամաչափի ու արժողության» հաճախորդների։ Նրանց գործունեության հիմնական արդյունքը պետք է լինի երկրում հուսահատության մթնոլորտ տարածելը՝ համեմված «եռյակի», մասնավորապես՝ ԲՀԿ–ի ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի ակտիվ «քննադատությամբ»։ Որքանով են արդյունավետ աշխատում «ռուբլիանոց», «կիսառուբլիանոց» և «տասնհինգկոպեկանոց» հաճախորդները՝ կիմանան Բ26–ում։ Սակայն փաստը մնում է փաստ, որ «եռյակն» իր քաղաքական գործունեության արդյունքում սկիզբ դնելով իշխանափոխության գործընթացին՝ արդեն կարողացել է մի շարք հաջողություններ գրանցել՝ սկսած Տիգրան Սարգսյանի «հրաժարականից», սահմանադրական փոփոխությունները երկրորդ անգամ հետաձգելուց և այլն։
Իշխանությունը մնացել է «գեբելսյան քարոզչամեքենայի» հույսին, որն առաջվա պես իրեն չի արդարացնում։

Դատե՛ք ինքներդ։ «Եռյակն» իշխանափոխության գործընթաց է սկսում, իսկ իշխանությունն ընդդիմության հրաժարականը պահանջող հաճախորդներին է գործի դնում, այդ թվում՝ խիստ սկզբունքայիններին։ Մի կողմից քաղաքական իրական գործընթաց է, մյուս կողմից՝ «ծղրտոց». կարծում եմ՝ երկրորդի արդյունավետության մակարդակի մասին խոսելն անիմաստ է։ Ասեմ ավելին՝ անգամ «ռուբլիանոցներին» գործի դնելուց դժվար թե իշխանական «չեկիստները» բավարարվածության զգացում ունենան։
Բաղրամյան 26-ում Արման Սաղաթելյանի շուրթերով խոսում են «քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիա» ապահովելու ցանկությունից, իսկ «եռյակը» ոչ միայն քաղաքական, այլև հասարակական լայն կոնսոլիդացիայի մեկնարկ է արձանագրել։

Հոգեբանական առումով իշխանությունները ժողովրդի մոտ խոր հիասթափություն են առաջացրել, «եռյակը»՝ հույս, հավատ, որ երկրում հնարավոր են դրական փոփոխություններ։

Իշխանության համար սեփական քաղաքացին արժեք չունի, մինչդեռ «եռյակը» բազմիցս նշել է, որ ժողովուրդն է դեպի փոփոխություններ տանող լոկոմոտիվը՝ նրա որակական ու քանակական հատկանիշներով։

Եվ վերջապես, «եռյակը» խոսում է քաղաքական լեզվով։ Դա առավել քան բավարար է, որ այս ապաքաղաքական մտածողության կրող իշխանությունը հետևություններ անի։

Այս պայմաններում Սերժ Սարգսյանը վերածվում է անկյուն ընկած կատվի, սակայն լավագույն տարբերակը հենց նրա համար կլինի ոչ թե «եռյակի» ու ժողովրդի «դեմքին թռնելը»՝ հաստատելով 2008 թվականի մարտից սկիզբ առած «ճանգռտան կատվի» համբավը, այլ հանգիստ, առանց ցնցումների, արժանապատիվ հեռանալը՝ պետական իշխանության ղեկը հանձնելով առավել կոմպետենտ ու երկիրն այս իրավիճակից դուրս բերելու պատրաստ ուժերին։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը