Քաղաքական

21.10.2014 12:44


Նաիրա Զոհրաբյան. «Սյունյաց արքունիքում «արյան բաղնիքներ սարքելը» սովորական լեքսիկոն է» (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյան. «Սյունյաց արքունիքում «արյան բաղնիքներ սարքելը» սովորական լեքսիկոն է» (տեսանյութ)

–Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ մարդու իրավունքները խախտված չլինեն,–ՄԻՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Մինչ բուն ելույթը նա մեկ դիտարկում է ներկայացրել երեկ խորհրդարանում հնչած գնահատականի վերաբերյալ։

–Խոսքն այն մասին չէր, որ ուսանողը, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, իրավունք չունի ունենալ քաղաքական կողմնորոշում։ Իմ գործընկերը նկատի ուներ Հայաստանի ուսումնական, կրթական, բուհական հաստատությունները, քաղաքական լեքսիոկոնում արդեն կլասիկ դարձած, «սաքուլիկների» դարբնոցների վերածելը,–ասել է Ն. Զոհրաբյանը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանում, պաշտոնական վիճակագրությամբ, կա 1մլն–ից ավելի աղքատ մարդ, բայց բոլոր սոցիոլոգիական հարցումներով՝ պալատական, ոչ պալատական, կիսապալատական, անկախ, կիսաանկախ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը դժգոհությունների շարքում առաջնահերթ մատնանշում է ոչ թե իրենց սոցիալական կարգավիճակը, աղքատությունը կամ գործազրկությունը, այլ անարդարությունը, կոռուպցիան՝ դատական համակարգում, իրավապահ համակարգի հանդեպ ունեցած անվստահությունը։

–Եթե կգտնվի մեկ քաղաքացի, ով հավատում է, որ մեր դատական համակարգն արդար է, և Հայաստանում դատարանները քաղաքական պատվեր չեն կատարում, ապա մենք այդ քաղաքացուն կներկայացնենք Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բացառիկ այլ տրամաբանություն ունեցող քաղաքացի։ Այլապես հնարավոր չէ որևէ սթափ տրամաբանությամբ բացատրել, թե ինչպես կարելի է մի անչափահասի, օրինակ, Շահեն Հարությունյանին, դատապարտել 4 տարի թեկուզ պայմանական ազատազրկման, մինչդեռ մեկ այլ երիտասարդի՝ «սյունյաց արքունիքից», խիստ կոնկրետ հանցագործության համար մեկ օր անգամ պատժի չենթարկել,–ընդգծել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը։

Շարունակելով «սյունյաց արքունիքի» թեման՝ նա ավելացրել է, որ Սյունիքի տխրահռչակ մարզպետի տարեգիրը, գրագիրը, խորհրդականը տևական ժամանակ է՝ հանդես է գալիս խիստ կոնկրետ սպառնալիքներով։

–Քանի որ «դասականներին» պիտի ցիտել բնօրինակից, մեջբերում եմ՝ նա խոստացել է «արյան բաղնիքներ սարքել»։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ Սյունիքի մարզպետի աշխատանքային առօրյա ռեժիմում է ահաբեկելը, սպառնալը, սպանելը, կրակելը, վախեցնելը, և, բնականաբար, նրա տարեգիրն ահա այսպիսի լեքսիկոնով պիտի իր մտքի գոհարները շարադրեր իշխանությունների հովանավորությամբ գործող լրատվամիջոցներում, բայց հայտնի խոսք կա՝ ուժը ծնում է ուժ, և Մարդու իրավունքների հարգարժան պաշտպա՛ն, նաև Ձե՛ր ուշադրությունն եմ ուզում հրավիրել նման կարգի արյան բաղնիքների սպառնալիքների վրա,–դիմելով ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ ասել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը