Կարծիք

20.10.2014 21:16


Էդվարդ Անտինյան. « Սերժ Սարգսյանն ակամայից թափ է հաղորդում իշխանափոխության գործընթացին»

Էդվարդ Անտինյան. « Սերժ Սարգսյանն ակամայից թափ է հաղորդում իշխանափոխության գործընթացին»

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ Սերժ Սարգսյանի կողմից Սահմանադրության փոփոխության հարցում իր վերջնական դիրքորոշումն արտահայտելը մի քանի ամիս հետաձգելն, անշուշտ, վկայությունն է այն բանի, որ «վերջին բոլշևիկը» իրավիճակը սթափ գնահատելով՝ խուսափեց գնալ առճակատման:

Բայց Սարգսյանի անհանգստությունն առավել վաղ էր արտահայտվում, և դա չնկատել հնարավոր չէր: Այս զարգացումները, ըստ տրամաբանության, ընտրությունների հետ կապ չունեն, քանի որ հետընտրականից բավական ժամանակ է անցել, իսկ հերթական ընտրություններն էլ տարիներ հետո են: Եվ միայն հասարակության դժգոհությունն իշխանություններից բավարար չէ, որպեսզի հաղթանակի ակնկալիքով փողոց դուրս գան, քանի որ շատ անգամներ իրենց պայքարն արդյունք չի տվել: Բայց, արի ու տես, որ եթե հասարակությունը զգուշավորությամբ է հավատում «եռյակին», ու այդ հավատին արժանանալու համար դեռ լուրջ անելիքներ կան, ու նաև մի քիչ ժամանակ է հարկավոր, ապա Բաղրամյան 26-ում հրաշալի հասկանում են, որ «եռյակն» ու նրա շուրջ ձևավորվող թիմն ունակ են հաղթելու:

Եթե իշխանությունները դա չիմանային ու այսչափ անհանգիստ չլինեին, ապա օլիմպիական հանգստությամբ կասեին՝ ուզում են հանրահավաք անեն, թող անեն. ժողովուրդը կգա, «եռյակը» չի կարողնանա գործը հասցնել հաղթանակի, մի քանի անգամ կգան-կգնան ու կհիասթափվեն: Բայց իշխանությունները լավ են հասկանում, որ կգան-կգնան մի անգամ շատ, մի անգամ՝ քիչ, հետո էլ կգան ու կմնան մինչև հաղթանակ:

Եթե «եռյակին» հարկավոր է հասարակությանն ակտիվացնել ու վստահություն ներշնչել, ապա իշխանությունների ինչի՞ն է պետք հասարակությունն ակտիվացնելը, երբ արդեն բոլորի խոսակցության թեման իշխանափոխությունն է:
Ես հեռու եմ այն մտքից, որ իշխանական քաղտեխնոլոգները չեն հասկանում, որ այն, ինչ անում են, ծառայում է համաժողովրդական շարժմանը, բայց իրենց հանձնարարված է մի բան անել, ոչ թե նստել ու սպասել, թե երբ շարժումը կմարի:
Փաստորեն, իշխանության «հաճախորդներն» առավոտից երեկո որպեսզի քննադատեն «եռյակին», նրանց մեղադրում են Սերժ Սարգսյանի գլուխը չջարդելու մեջ, թե, իբր, վճռական չեն, որ դա չեն անում: Բայց եթե ամեն օր հնարավոր բոլոր միջոցներով հասարակությանը համոզում ես, որ հարկավոր է գործող նախագահի գլուխը ջարդել, և դա համարում ես արդարացի ու տեղին, չէ՞ որ դրանով «լիցքավորում» ես հասարակությանը: Ու եթե դրանից հետո առաջնորդող չկա, քանի որ «հաճախորդների» գործը խրոխտ ելույթներ ունենալն է, ոչ թե գործնական քայլերի դիմելը, ապա ժողովուրդն ինքնըստինքյան գնալու է Ազատության հրապարակ ու միանա պայքարողներին: Այսինքն, եթե ցանկանում էին հիասթափեցնել «եռյակից», ապա ժողովուրդը տեսնելով, որ իրական պայքարողները նրանք են՝ միանալու է նրանց ու իր ճնշմամբ պահանջելու է հարթակից գնալ արմատական քայլերի, այն է՝ շուտափույթ իշխանափոխության:

Այսինքն, եթե «եռյակի» համակիրներին չհաջողվեր ողջ հասարակությանն ակտիվացնել ու պայքարի մղել, ապա իշխանությունները, կամա թե ակամա, լրացնում են այդ բացը: Բայց հասկանալով, որ սխալ բան են անում, կարո՞ղ են չանել ու հանգիստ սպասել շարժման ալիքի մարմանը: Ո՛չ, քանի որ հասկանում են, որ եթե չպայքարեն, կամ ժողովրդին չահաբեկեն, ապա վախի մթնոլորտն էլ եթե վերանա, ապա շարժումն այնպիսի թափ կհավաքի, որ իշխանությունները ստիպված կլինեն ժամ առաջ հեռանալ:

Չպետք է մոռանալ, որ երկրի կառավարման ղեկն ում ձեռքում է՝ նա բոլորից լավ գիտի, որ այն այլևս չի ենթարկվում իրեն, ու եթե կան մարդիկ, որ դեռ կասկածներ ունեն շարժման հաղթանակի հարցում, թող հետևեն իշխանության «վարորդի» արտաքուստ հանգիստ, բայց ցայտնոտային վարքագծին, ու ամեն ինչ պարզ կլինի: Մնում է միայն զինվել համբերությամբ, որպեսզի կարողանանք հետևողական քայլերով հաջողության հասնել: Այս հարցում անհարկի շտապողականությունը կարող է ամեն ինչ փչացնել:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203185910151107

Այս խորագրի վերջին նյութերը