Կարծիք

20.10.2014 19:10


Վերաշարադրել Էրդողանի «ցավակցագիրը»

Վերաշարադրել Էրդողանի «ցավակցագիրը»

Թուրքիայի նախագահը «Մարմարա» համալսարանում անդրադարձել է պատմական իրադարձությունների մասին ուսումնասիրություններ կատարելու կարեւորությանը, 1915-ի դեպքերին, քննադատել է Անկարայի նախկին քաղաքականությունը` «չլսենք, չտեսնենք»-ի , հայտարարել, որ 1915-ի դեպքերի 100-ամյակին, առանձնահատուկ կերպով պիտի զբաղվեն այդ հարցով: Էրդողանը «դեպքերը» ուսումնասիրելու նպատակով կոչ է ուղղել օգտվելու Թուրքիայի գրադարաններից, ուր պարզ պիտի դառնա, թե Ցեղասպանությունը իրագործողները հայերն են եւ ոչ թե թուրքերը:

Փորձենք տարբաղադրել Էրդողանի հայտարարությունում տեղ գտած մտքերը:

Ա.- Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի նախագահը օգտագործել է «1915-ի դեպքեր» ասելաձեւը:

Բ.- Քննադատել է իր նախորդների դասական ուրացման ռազմավարությունը:

Գ.- Հստակ է դարձրել, որ իր պետությունը առանձնահատուկ եղանակով պիտի զբաղվի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հարցերով:

Դ.- Թուրք գիտնականներին կոչ է ուղղել ուսումնասիրելու 1915-ի դեպքերը:

Ե.- Կանխել է այդ ուսումնասիրությունների արդյունքը` հայերը գործադրել են թուրքերի «ցեղասպանությունը»:

Հինգ կետերն էլ հիմնական նորություն չեն բերում Անկարայի ժխտողական քաղաքականության դրսեւորումների ընդհանուր հոլովույթին: «1915-ի դեպքեր» ասելաձեւը վաղուց է, որ օգտագործվում է ժխտողականության բառապաշարում եւ առանց ուղղակի հայտարարելու, ուրացման դասական մոտեցումը արդեն իսկ ենթարկվել էր մարտավարական հիմնական փոփոխության: Չխոսելու փոխարեն ավելի համարձակ մարտահրավեր նետել ուսումնասիրողներին եւ մինչեւ իսկ պաշտոնական առաջարկներ կատարել հայ եւ թուրք պատմաբանների միացյալ հանձնախումբ ստեղծելու` քննարկումների անժամկետ գործընթաց սկսելու եւ այդպիսով ճանաչման արշավը խոչընդոտելու:

Վերջին կետը եւս մինչ այժմ տարբեր մակարդակների վրա օգտագործված հակազդեցություն էր: Սակայն եթե պահենք իրադրությունների քաղաքական տրամաբանության հետեւողականությունը, կարող ենք հանգիստ ընդգծել հիմնական հակասությունները:

Դեռեվս երեկ էր, որ իր վարչապետության վերջին շրջանում Էրդողանը խոսում էր ընդհանուր ցավի մասին, ընդհանուր զոհերին ցավակցություն էր հայտնում եւ նշում, որ իրենք գիտակցում էին, որ ապրիլի 24-ը հայության համար ամբողջ աշխարհում կարեւորություն ներկայացնող օր է:

Հիմա Թուրքիայի նախագահը ակունքների վերադարձ է կատարում: Հայերը գործադրել են թուրքերի «ցեղասպանություն»: Պետք է վերաշարադրել նշանավոր ցավակցագիրը եւ այն հասցեագրել միայն թուրքերին... որոնք զոհ գնացին հայերի կողմից գործադրված ցեղասպանությանը: Սա հակասում է միայն ցավակցագրով դրսեւորված մարտավարությանը. կա ավելին:

Անկարան երկար ժամանակից ի վեր միջազգային հանրությանը փորձում է ներկայանալ իբրեւ հարցի լուծման համար առաջարկ կատարող եւ հայկական կողմից համապատասխան ընդառաջում չստացող կողմ: Խոսքը վերաբերում է պատմաբանների միացյալ հանձնախմբի ստեղծման հանգերգին:

Թավշյա ժխտողականության մոտեցումը այն է, որ փոխանակ ասելու, որ ցեղասպանություն եղել է, թե չի եղել, հարցը իրավական եւ քաղաքական դաշտից տեղափոխենք պատմագիտական դաշտ եւ սկսենք անվերջանալի ուսումնասիրությունների, փաստարկ-հակափաստարկ ունայն շրջագծի (vicious circle) մեջ դառնալու խաղին:

Էրդողանը գուցե չի անդրադարձել, որ այս խաղը ի՛նքն է ավարտում այս ձեւով: Կանխվել է եզրակացությունը: Ցեղասպանություն եղել է, այո՛, սակայն շրջված ձեւով, ըստ իհարկե, Թուրքիայի նախագահի: Պետական բարձրագույն գործիչն իր ազգակից գիտնականներին պատվիրում է այդ եզրահանգումը:

Հիմա հայկական կողմը հանգիստ կարող է շրջել միացյալ հանձնախմբի ծուղակը: Եթե կանխաեզրակացվել է հարցը, ի՞նչ պիտի քննարկել:

Սրանով էլ դեռեվս չի ավարտվում Էրդողանի առաջ քաշած թեզը: Անտեսանելի 7- կետ կա. Անկարան 100-ամյակի գործողությունները ուզում պահել 1915-ի դեպքերի բնութագրման ոլորապտույտում, հատուցման եւ պահանջատիրության դաշտից հեռացնելու համար աշխատանքները եւ նախաձեռնություն-հակազդեցություն պարանաձգության խաղի մեջ ներքաշել հայկական կողմը: Որը թվում է, թե այլեւս չի ուզում մասնակցել այդ խաղին: Պետական եւ հասարակական մակարդակներով մենք անցել ենք արդեն հատուցման իրավական թղթածրարի պատրաստությանը:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը