Քաղաքական

20.10.2014 15:28


Ս. Դեմիրճյան. «Սահմանադրությունը բազմիցս խախտած վարչախումբը հիմա խոսում է սահմանադրական փոփոխությունների մասին»

Ս. Դեմիրճյան. «Սահմանադրությունը բազմիցս խախտած վարչախումբը հիմա խոսում է սահմանադրական փոփոխությունների մասին»

ՀՀ ԱԺ–ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է, որ դրանում նշված բացասական երևույթները, չլուծված խնդիրները կրում են խրոնիկ բնույթ։

Նա, մասնավորապես, ընդգծել է, որ մարտի 1-ի 10 զոհերի նախաքննության վերաբերյալ ՄԻՊ-ն իր մտահոգությունները ներկայացրել էր նաև նախորդ տարվա զեկույցներում, իսկ առ այսօր որևէ մեկը պատասխան չի տվել Երևանի կենտրոնում կատարված 10 սպանության համար։

–Հետևությունը մեկն է՝ ամեն ինչ արվել և արվում է մարտի 1-ի ոճրագործությունը կոծկելու համար։

Դեմիրճյանը նաև նշել է, որ դատական համակարգում տիրող ապօրինություններին, բազմաթիվ անարդար դատավարություններին ևս ՄԻՊ-ն անդրադարձել էր 2012թ. տարեկան զեկույցում, սակայն որևէ դրական տեղաշարժ այդ համակարգում չկա.

–Մեր քաղաքացիները չեն վստահում դատական համակարգին (դա են ցույց տալիս տարբեր հարցումները)։ Եվ ինչպե՞ս կարելի է վստահել, երբ տեսնում են, որ ոմանք անձեռնմխելի են, և նույնիսկ մարդասպանության համար չեն դատապարտվում։ Երբ երկրում կա երկու տեսակի արդարադատություն, մեկը՝ սովորական մահկանացուների համար, մյուսը՝ մեծահարուստների և իշխանավորների։

Նրա խոսքերով՝ բացասական երևույթները շարունակական բնույթ են կրում ոստիկանությունում, դատախազությունում, առողջապահության, բնապահպանության, կրթության և այլ ոլորտներում, իշխանության և բիզնեսի սերտաճումը եղել և մնում է լրջագույն խոչընդոտ տնտեսության առողջացման համար։

–Ավելորդ է խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին, երբ մարդիկ զրկված են ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու, փոխելու իրենց սահմանադրական իրավունքից։ Սահմանադրությունը բազմիցս խախտած, ընտրություններ կեղծած, դատավարություններ պատվիրած, քաղաքացիների արժանապատվությունը ոտնահարած վարչախումբը հիմա խոսում է սահմանադրական փոփոխությունների, Սահմանադրությունն ավելի մարդակենտրոն դարձնելու անհրաժեշտության մասին,–ասել է Ս. Դեմիրճյանը։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ են իրական փոփոխություններ, ոչ թե արհեստական օրակարգեր, և առաջնահերթ խնդիր է մնում, համաձայն Սահմանադրության, իշխանության ձևավորումը, երկրում անպատժելիության վերացումը, կոռուպցիայի դեմ իրական պայքարի ծավալումը, իշխանության և բիզնեսի տարանջատումը, օրենքի առջև բոլորի հավասարության ապահովումը։ Նրա համոզմամբ՝ միայն այդ դեպքում կկասեցվի ահագնացող արտագաղթը, կվերականգնվի մարդկանց հավատը պետության ապագայի հանդեպ, և կապահովվի մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը