Լրահոս

20.10.2014 14:22


Ավարտվել է Արագածավան գյուղի բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է Արագածավան գյուղի բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ավարտվել է Արագածավան գյուղի բնակիչ Ռ.Ամիրխանյանին դանակահարելու և դիտավորությամբ նրա առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2014թ. հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի Մուսայելյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող խոհանոցային դանակով Ռ.Ամիրխանյանի որովայնի առաջնային պատին դիտավորյալ հարվածել է ՀՀ քաղաքացի Ա.Գրիգորյանը։

Հարվածի հետևանքով, դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Ամիրխանյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքի, աղիների և միջընդերքի բազմաթիվ, միջանցիկ վնասումների ձևով:

Ա.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Ծանութցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը