Քաղաքական

20.10.2014 14:21


Գեղամ Նազարյան. «Եթե չլիներ պայքար, երկրում ոչինչ չէր փոխվի»

Գեղամ Նազարյան. «Եթե չլիներ պայքար, երկրում ոչինչ չէր փոխվի»

Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Գեղամ Նազարյանը խոսելով ներքաղաքական զարգացումներից՝ նշել է՝ երբ երկրում իշխում են հետադիմական ուժերը, ամեն ինչ անում են մարդկանց մոտ հուսահատություն առաջացնելու համար՝ փորձելով նրանց ներշնչել այն գաղափարը, որ իրենցից ոչինչ կախված չէ։

Շարունակելով՝ բանախոսն ասել է, որ դա այդպես չէ՝ իբրև օրինակ բերելով Տիգրան Սարգսյանի «հրաժարականը». «Երբ քաղաքական ուժերը սկսեցին սերտ համագործակցություն հաստատել, որից հետո պատրաստվեցին միասնական հանրահավաք անել, դրանից առաջ տեղի ունեցավ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը»։

Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրահավաքին՝ քաղաքագետը նշել է, որ այն հզոր էր, քանզի այլ կերպ չէր կարող լինել այն վիճակում, որում Հայաստանն է գտնվում.

«Զարմանալի կլիներ, եթե հանրահավաքը մարդաշատ չլիներ, առավել ևս՝ երբ այն հրավիրեցին այսօր Հայաստանում ամենամեծ հեղինակությունն ունեցող ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», ՀԱԿ–ը, «Ժառանգությունը»։ Հանրահավաքից մի քանի օր անց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը հայտարարեց, որ նախագահն այդ նախաձեռնության՝ սահմանադրական, այսպես կոչված, բարեփոխումների վերաբերյալ իր կարծիքը կհայտնի փետրվար–մարտ ամիսներին»։

Քաղաքագետի համոզմամբ՝ եթե չլիներ պայքար, Տիգրան Սարգսյանը կշարունակեր պաշտոնավարել, Սերժ Սարգսյանն արդեն այսօր կհայտներ իր կարծիքը, «Շրջանառության» հարկն էլ կկիրառվեր ավելի վատ տարբերակով. «Իսկ այս պայքարը պետք է շարունակություն ունենա և չի կարող չունենալ, քանզի դրանից են կախված Հայաստանի վաղվա օրը, զարգացումը և ժողովրդավարացումը։ Այնպես որ, հոկտեմբերի 24-ի հանրահավաքն, անկախ եղանակային պայմաններից, ավելի մարդաշատ է լինելու, քան հոկտեմբերի 10-ինը»։

Գեղամ Նազարյանը նշել է, որ հետաձգմամբ Սերժ Սարգսյանը փորձում է ժամանակ շահել՝ նաև հասկանալու համար, թե որքան լուրջ է տրամադրված «եռյակը». «Բայց այդ փորձը չէր լինի, եթե չլիներ հզոր ուժը, իսկ այդ հզոր ուժը չէր լինի առանց ժողովրդի աջակցության»։

Քաղաքագետը փաստել է, որ իշխանությունը չի ընկալում իրավիճակի լրջությունը՝ կապված Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հետ, որոնք նաև լուրջ տնտեսական բնույթ են կրում, և կրելու են ապագայում։

Ըստ քաղաքագետի՝ ժողովուրդը պետք է իշխանություններին հասկացնի, որ իրե՛նք են ժամանակավրեպ, և պետք է «խաղաղ հեռանան՝ թողնելով այն ուժերին, որոնք պատրաստ են, վերցնել այդ ծանր բեռը»։

Նազարյանի խոսքերով՝ դրական է, երբ «եռյակը» շեշտում է, որ իր նպատակը «մայդաններն» ու Լիբիան չեն, այլ Հայաստանի զարգացումն ու առաջընթացը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը