Քաղաքական

20.10.2014 13:39


Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին հայտարարությունը

Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին հայտարարությունը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ ոչիշխանական ուժերը քառօրյա նստաշրջանին 44-ից ավելի ստորագրություններով ներկայացրել են երկու արտահերթ հարց:

Ստորև ներկայացնում ենք ԱԺ հայտարարության այդ նախագիծը:

«Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 62-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 52 հոդվածի 6-րդ մասի և 104.1-րդ հոդվածներով,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

Հայտարարում է

Կոռուպցիան և մենաշնորհները շարունակում են մնալ Հայաստանի տնտեսության և կառավարման համակարգի ամենամեծ չարիքը: Դա հաստատվում է հայաստանյան և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների` Համաշխարհային բանկի, Համաշխարհային տնտեսական ֆորումի, Թրանսփարենսի Ինթերնեշնլի, Գալլափ Ինթերնեշնլի, Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի, Փոլիսի ֆորում Արմենիա ամերիկյան վերլուծական կենտրոնի գնահատականներով: Հակակոռուպցիոն և հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության մի շարք առանցքային ցուցանիշներով Հայաստանը անթույլատրելի ցածր նիշեր է զբաղեցնում, իսկ կոռուպցիոն բուրգի պատճառած վնասը կազմում է տարեկան ավելի քան 2.5 մլրդ.ԱՄՆ դոլարին համարժեք գումար, այսինքն՝ գրեթե նույնքան, որքան երկրի պետական բյուջեն է:

Երկրում չի հաղթահարվում աղքատությունն ու գործազրկությունը: Պաշտոնական տվյալներով՝ վերջին հինգ տարիներին այն տատանվում է 32 - 35%-ի սահմաններում՝ միևնույն ժամանակ չցուցաբերելով նվազման որևէ միտում:

Ամբողջությամբ վերացել է քաղաքացիների, քաղաքական ուժերի և ողջ հասարակության վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ, ինչի հետևանքով կասկածի տակ են դրված բոլոր մակարդակի ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքները, և, հետևաբար, ստեղծվել է իշխանության լեգիտիմության ճգնաժամ:

Այս ամենի արդյունքում թափ է առել և սպառնալի չափերի է հասել երկրից քաղաքացիների արտագաղթը` վերջին չորս տարիներին կազմելով շուրջ 213 000 մարդ:

Այսպես կոչված՝ նախաձեռնողական քաղաքականության ձախողումների արդյունքում տուժել է Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը: Սաստկանում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջազգային մեկուսացումը, որի հետևանքով միջազգային կազմակերպություններում ընդունվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դիրքերը թուլացնող անբարենպաստ որոշումներ:

Հայաստանի կառավարությունն անկարող եղավ իրականացնելու խորհրդարանական չորս ուժերի առաջարկած` 12 կետերից բաղկացած առաջնահերթ միջոցառումները՝ դրանով ցույց տալով, որ պատրաստ չէ ընդառաջ գնալ հանրությանը և բավարարել անգամ ժողովրդի նվազագույն պահանջները:

Այսպիսով, երկրում առաջացել է կառավարման համակողմանի ճգնաժամ, և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը անհրաժեշտ է համարում այն հաղթահարելուն ուղղված հրատապ քայլերի իրականացումը:

Հիմնական զեկուցող՝ Լևոն Զուրաբյան

Հարցը մտել է ԱԺ քառօրյայի օրակարգ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ»:

Այս խորագրի վերջին նյութերը