Լրահոս

18.10.2014 18:17


Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը հանդիպում ունեցավ Վիրահայոց Թեմի առաջնորդի հետ

Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը հանդիպում ունեցավ Վիրահայոց Թեմի առաջնորդի հետ

Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Թոմաս Պերնիցկին այցելեց Վիրահայոց Թեմի առաջնորդի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայր: Այցի նախաձեռնությունը բարձրացվել էր Չեխիայի դեսպանի կողմից: Բարձրաստիճան հյուրին իր նստավայրում ընդունեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմի առաջնորդը ողջունեց բարձրաստիճան հյուրին և կարևորեց Հայաստանի և Վրաստանի կապը եվրոպական արժեքների հետ, դրանում առանձնահատուկ գնահատելով դիվանագետների դերը:

Թեմակալ առաջնորդը ներկայացրեց Վրաստանում գործող հայկական եկեղեցիները, դպրոցները, թատրոնը, մշակութային կենտրոնները և գոհունակություն հայտնեց, որ Վրաստանում ընձեռված են հնարավորություններ հայկական կրթությունը, մշակույթը և հոգևոր կյանքը պահպանելու և զարգացնելու համար: Թեև կան չլուծված խնդիրներ՝ կապված խորհրդային տարիներին Թեմից բռնագրավված եկեղեցիների վերադարձման հետ, այդուհանդերձ Վրաստանի հայ համայնքը շարունակում է դրսևորել իր քաղաքացիական և ազգային կյանքը:

Դեսպան Պերնեցկին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեց օգտակար լինել Հայոց Եկեղեցուն՝ Վրաստանում իր առաքելությունը կատարելու շրջանակներում:

Դեսպանի հետ զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Չեխիայում խորհրդային տարիներին բռնագրավված գույքի վերադարձի (ռեստիտուցիայի) փորձին, որը կարող է օգտակար լինել Վրաստանում կրոնական համայնքներին գույքը ետ վերադարձնելու առնչությամբ:

Հյուրն իր աղոթքը բարձրացրեց նաև Սուրբ Էջմիածին եկեղեցում և շրջայց կատարեց «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում:

Հանդիպմանը ներկա էին Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, Գևորգ սարկավագ Անտոնյանը և Լևոն Իսախանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը