Լրահոս

18.10.2014 00:18


Ամուլսար նախաձեռնության բաց նամակը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին

Ամուլսար նախաձեռնության բաց նամակը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին
SOS Ամուլսար նախաձեռնությունը Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ բաց նամակ է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին: Նամակում ասված է.

Պարոն նախարար,
հոկտեբերի 15-ի մամուլի ասուլիսի ժամանակ Դուք հայտարարեցիք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի իրականացումը կմեկնարկի 2015 թ-ի սկզբին և ներկայացրեցիք կոնկրետ թվեր, ներդրումների ակնկալիքներ և այլն:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նրա վրա, որ ներկա պահին Ամուլսարի նախագծի փաստաթղթերի փաթեթը` ներառյալ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը /ՇՄԱԳ/, գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացության տրամադրման գործընթացում, որը դեռ ավարտված չէ:
Ենթադրվում է, որ ողջ գործընթացը կրում է անկախ բնույթ, և որ Ամուլսարի նախագծին կարող է տրվել ոչ թե դրական, այլ բասացական եզրակացություն, օրինակ, եթե ՇՄԱԳ-ում ներկայացված ռիսկերը նվազեցված են, չեն համապատասխանում իրականությանը, կամ առկա են սպառնալիքներ երկրի ռազմավարական շահերի համար: Հենց նմանատիպ ռիսկերի մասին նշված է հասարակայնության 9 ներկայացուցիչների բողոքներում, որոնք ուղարկվել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Օմբուդսմենի գրասենյակ: Այդ երկու ազդեցիկ միջազգային ֆինանսական ինստիտուտները Ամուլսարի նախագիծը «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրած «Lydian International» ընկերության հիմնական ներդրողներն են:
Այսպիսով, Ձեր հրապարակային հայտարարությունը մինչև բնապահպանական փորձաքննության եզրակացության տրամադրման գործընթացի ավարտը կասկածի տակ է դնում ինչպես Ամուլսարի նախագծի ՇՄԱԳ-ի ողջ գործընթացի իրավազորությունը եւ անկողմնակալությունը, այդպես էլ բնապահպանական փորձաքննության գնահատականը, ինչպիսին որ այն լինի:
SOS Ամուլսար նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը