Կարծիք

17.10.2014 13:58


«Հոկտեմբերի 10-ից հիասթափվածների ու հոկտեմբերի 24-ին հավատացողների մասին»

«Հոկտեմբերի 10-ից հիասթափվածների ու հոկտեմբերի 24-ին հավատացողների մասին»

Դեռ Արիստոտելենց ժամանակներից ընդունված է ընտանիքը համարել պետության բջիջը: Հիմա դիտարկենք, որ մենք մի մեծ ՏՈւՆ ենք ստացել որպես ժառանգություն, որում տարբեր ընտանիքներ են ապրել, մեծ մասը արդեն լքել է այն, քանի որ տարիների ընթացքում անխնա օգտագործումից բազմաթիվ խնդիրներ են առաջացել, համատիրությունն էլ իր հերթին ինչ կարող էր՝ ծախեց, փողերը կերավ, իսկ առաջացած խնդիրները կոսմետիկ վերանորոգմամբ այլևս չենք լուծի, և չնայած ապրելու մինիմալ պայմաններ կան, բայց այսօր անհրաժեշտություն կա հիմնովին վերակառուցելու և ապրելու պայմանները բարելավելու: Քանի որ տունը կիսավեր վիճակում է, տարիներ շարունակ ոչ ոք ռիսկի չէր գնում, ու այդ պատասխանատվության տակ չէր մտնում, որի պատճառով մեկը մյուսին էր մեղադրում: Ի վերջո, մի քանիսը գիտակցում են, որ շուտով այդ մինիմալ պայմաններն էլ չեն ունենա, համաձայնության են գալիս, ու հիմա հայտնվել են մարդիկ, ովքեր պատրաստ են տունը վերակառուցել, արդեն նոր հիմք են դնում, բայց մյուսները սկսում են պայքարել նրանց դեմ՝ ասելով, թե ոչինչ չի ստացվի, քանի որ իրենց պատկերացրած շինարարները լրիվ այլ էին. կարողանում էին, օրինակ, չինացիների նման մի քանի օրում մի ամբողջ շենք կառուցել, ի վերջո, եթե կառուցող էին, թող ավելի շուտ սկսեին, միևնույն ժամանակ, իրենք շարունակում են ոչինչ չանել ու բողոքել թե՛ տան վիճակից, թե՛ կառուցողներից:
Վստահաբար կարելի է պնդել, որ եթե բոլորը միավորվեն ու մասնակցեն ՏԱՆ շինարարությանը, ապա կարճ ժամանակ հետո կսկսեն ապրել գուցե ոչ գերազանց, բայց հնի համեմատ՝ ավելի լավ պայմաններում: Եթե շարունակեն խանգարել նրանց, ապա շուտով գուցե շինարարությունը աշխատուժի սակավության պատճառով կիսատ մնա, որի մեղավորները, ըստ բողոքողների, դարձյալ լինելու են նրանք, ովքեր սկսեցին շինարարությունը ու ավարտին չհասցրեցին: Իսկ այս ամենի արդյունքում համատիրությունը կշարունակի արդեն խողովակները, դռներն ու պատուհանները վաճառել, քանի որ վաղուց այլ վայրում իր համար շատ ավելի լավ տուն է կառուցել:

Այժմ ունենք 3 տարբերակ.
1. Եթե կողմ եք համատիրությանը, ապա Ձեր իրավունքն է. շարունակե՛ք ապրել այն պայմաններում, որ Ձեզ համար ստեղծում են:
2. Եթե կողմ եք հիասթափվածներին ու չեք ուզում ոչինչ կառուցվի, կամ ավելի լավ շինարարներ եք, ապա կարող էիք ինքներդ նախաձեռնել շինարարությունը և ակնկալել մյուսների աջակցությունը, իսկ եթե չեք սկսել, գոնե մի՛ խանգարեք:
3. Եթե կողմ եք տան կառուցմանը՝ ընդ որում,անմիջական մասնակիցը լինելով ողջ գործընթացին մինչև տանիք, ներքին հարդարում ու կահույքի ընտրություն, ապա պետք է ինքներդ հավատաք դրա հաջողությանը ու Ձեր սեփական ուժերին, որովհետև առանց Ձեր մասնակցության՝ տունը երբեք չի կառուցվի, էլ ավելի կխարխլվի ու վերջնականապես կփլուզվի:

Հիմա որոշողը բացառապես Դուք եք, թե որ խմբին եք պատկանում:

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը