Լրահոս

17.09.2009 16:51


Հակակարկտային կայանքները Շիրակի մարզում իրականություն են դառնում

Հակակարկտային կայանքները Շիրակի մարզում իրականություն են դառնում

Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքում այսօր տեղադրվել և փորձարկվել են 5 հակակարկտային կայան՝ հիմնականում Համաշխարհային բանկի վարկային աջակցությամբ: Ծրագրի արժողությունը կազմել է 50 մլն դրամ, որի 10 տոկոսը ներդրել է Մեղրաշեն համայնքը, իսկ մնացած մասը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը:

Մասնագետների խոսքերով՝ հակակարկտային կայանքների տեղադրումը կենսական նշանակություն ունի մարզի գյուղատնտեսության համար: Միայն այս տարվա ընթացքում կարկտահարությունից կրած վնասը կազմել է մոտ 3 մլրդ դրամ: Որոշ համայանքներում գյուղական տնտեսությունները կանգնած են սնանկացման եզրին. բանկերից վերցրած վարկերը  բերքի կարկտահարության պատճառով գյուղացիների մեծամասնությունն ի վիճակի չէ վերադարձնելու:

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն ասել է. «Նախորդ տարիների հետ համեմատած՝ այս տարի եղանակը բարենպաստ չէր գյուղատնտեսության համար։ Եթե նախորդ տարիներին կարկտահարվում էր տարեկան միջինը 3000 հա ցանքատարածություն, ապա այս տարի քառակի անգամ ավելի է կարկտահարվել. վնասը կազմել է մոտ 3 մլրդ դրամ: Հիմնականում կարկտահարվել են ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվող շրջանները, ավիրվել բանջարաբոստանային կուլտուրաների, կարտոֆիլի և հացահատիկի ցանքատարածություների մեծ մասը: Այս տարվա բերքը մոտ 20-25 հազ. տոննայով պակաս է լինելու նախորդ տարիների համեմատ: Մեր կարծիքով նմանատիպ կայանքների տեղադրումը հիմնականում լուծում կտա այս խնդրին, և հաջորդ տարի նման աղետալի վիճակի առաջ չենք կանգնի:

Իսկ Մեղրաշատ համայնքը կարկտահարության առումով առաջնային դիրքերում է. միայն այս տարվա ընթացքում համայնքում կարկտահարությունից տուժել է 700 հա հացահատիկի ցանքատարածություն: Մեղրաշենի համայնքապետ Հունան Պետրոսյանը ևս միակ լուծումը տեսնում է հակակարկտային կայանքների տեղադրման մեջ. «Մեղրաշատում այսօր նշանակալից օր է. 5 «Զենիթ» տիպի հակակարկտային կայանքները հաջորդ տարի լուծելու են կարկտահարության խնդիրը: Այս տարի կայանքների բացակայության պատճառով համայնքը կրել է 165 մլն դրամի վնաս, ավիրվել է 700 հա հացահատիկի ցանքատարածություն։ Հիմա հուսով ենք, որ նման բան այլևս չենք տեսնելու»:

 

Սակայն Շիրակի մարզում տեղադրված հակակարկտային կայանքների թիվը ներկա դրությամբ խիստ անբավարար է ինտեսիվ կարկտահարությանը դիմագրավելու համար. մարզն ամբողջությամբ ծածկելու համար անհրաժեշտ են հսկայական ֆինանսական միջոցներ, որոնք պետությունը և գյուղական համայնքները չունեն։ Մնում է միայն ապավինել միջազգային դոնորների բարեհաճությանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը