Լրահոս

16.10.2014 13:24


«Համերաշխություն» կուսակցության նախագահ. «Վճռորոշ քայլերի ժամանակն է»

«Համերաշխություն» կուսակցության նախագահ. «Վճռորոշ քայլերի ժամանակն է»

Այսօրվա ասուլիսին «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, խոսելով ներքաղաքական զարգացումներից, ասել է՝ եթե հիմա երկրում չանենք որոշակի փոփոխություններ, ապա ապագայում կունենանք բավականին վտանգավոր իրավիճակ, որը «Հայաստանի համար, առանց չափազանցնելու, կլինի կործանարար»։

Բանախոսն ընդգծել է՝ իրենց կողմից կատարած վերլուծությամբ՝ հասարակության 90%-ն ավելի շատ սատարում և աջակցում է ընդդիմադիր ուժերին, իսկ 10%-ը կամ ավելի քիչ, որը ներկայացնում է իշխանությունը, «այն էլ՝ հեղհեղուկ, շատ կասկածելի է. ներկայացվում է որպես բացարձակ մեծամասնության կարծիք»։

«Համերաշխության» ղեկավարի խոսքերով՝ վճռորոշ քայլերի ժամանակն է, որի կատարողներից մեկն էլ նախագահն է. նա պետք է փորձի իրավիճակը տանել համերաշխության ուղով. «Այլընտրանք Հայաստանը պարզապես չունի»։

Ավետիսյանը ողջունել է «եռյակի» առաջ քաշած խնդիրները, որոնք վերաբերում ենք երկրի առկա իրավիճակին. «Մասնավորապես, «Բարգաված Հայաստանը»... Մենք վստահում ենք այդ կուսակցությանը, նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որն իր գործունեության ընթացքում ցույց տվեց, որ իր խոսքի տերն է ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաև քաղաքական առումով. նա կատարում է տված խոստումները։ «Եռյակի» մեխը Գագիկ Ծառուկյանն է»։

Ավետիսյանը ողջունել է նաև Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթները և պատրաստակամությունը՝ միասին իրականացնելու այդ ծրագրերը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանն այն մարդիկ են, ովքեր իրենց շահերը ստորադասել են պետական շահերին, ինչը բանախոսը չի կարող ասել իշխանության մի շարք գործիչների համար։

Ինչ վերաբերում է «եռյակի» նախաձեռնած քաղաքական գործընթացին, ապա մեկնարկը ճիշտ ժամանակին է տրվել. «Տեսանք՝ մեր հասարակությունն ինչպես արձագանքեց. եթե բնակչության թիվը համեմատենք նախորդ քանակների հետ, բավականին մեծ էր»։

Ըստ բանախոսի՝ այսօր հասարակությունը պատրաստ է որոշակի գործողությունների կյանքը փոխելու համար. «Երկրին անհրաժեշտ են համերաշխություն և կոնսոլիդացիա, առողջ ուժերի կոնսոլիդացիա, որպեսզի կարողանանք իրավիճակը փոխել»։

Կուսակցության ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանը միայն Երևանով և Բաղրամյան փողոցով չի վերջանում. պետք է այցելել մարզեր ու տեսնել, թե ինչպիսի իրավիճակում է այնտեղի ժողովուրդը։

Նա համոզմունք է հայտնել, որ այսօրվա օրակարգը ճիշտ է. «Ամսի 24-ին ավելի շատ մարդ կգա... Անընդհատ քաղաքական ուժեր են միանալու։ Ես ունեմ այդպիսի ինֆորմացիա, որ քաղաքական ուժերը պատրաստվում են, և ապագայում կմիանան, և ձնագնդիի պես մեծանալու է այս շարժումը։ Համոզված եմ, որ այս շարժումը, ի տարբերություն մնացած բոլոր քաղաքական ընդդիմադիր երևույթների, ունենալու է հաջողություն»։

Հարցին՝ կմիանա՞ արդյոք «Համերաշխություն» կուսակցությունը շարժմանը, Ավետիսյանը պատասխանել է. «Մենք քննարկում ենք, և ձևաչափը կլինի և՛ քաղաքական, և՛ կազմակերպչական հայտարարություններով»։

«Հիմա մեր երկրի մասին է խոսքը, մեր ապագայի, մեր երեխաների համար է։ Մենք պետք է մտածենք՝ կա՛մ մեր երկիրը կգոյատևի, և մենք կապրենք մեր երկրում, կա՛մ բոլորս միասին որոշում ենք, որ այլևս երկիր չենք ունենալու, և վերջանում է այս ամենը»,–ասել է բանախոսը և կարևորել իշխանության կողմից սպասվելիք զիջումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը