Կարծիք

16.10.2014 11:51


Նինա Մարգարյան. «Այլևս չեզոքություն պահպանելը պարզապես հանցանք է»

Նինա Մարգարյան. «Այլևս չեզոքություն պահպանելը պարզապես հանցանք է»

Համացանցում մի գրառման հանդիպեցի, որում կոչ է արվում ազատամարտիկներին հեռու մնալ քաղաքականությունից, քանի որ, ըստ գրառման հեղինակի, նրանք զինվոր են, ու պետք է վեր լինեն ներքաղաքական խնդիրներից:

Ես ավելի քան դեմ եմ նման կարծիքին, քանի որ վստահ եմ, որ հենց ազատամարտիկները պետք է առաջին հերթին տեր կանգնեն իրենց ջանքերով վաստակած երկրի անկախությանը և բարեկեցությանը, և ինչպես երկրի ցանկացած քաղաքացի՝ պետք է իրենց քաղաքացիական պարտքը կատարեն. չէ՞ որ ժողովրդավարությունն առաջին հերթին պատասխանատվություն է ենթադրում սեփական երկրի ճակատագրի համար, և այդ պատասխանատվությունն իրականացվում է առաջին հերթին սահմանադրական կարգի շրջանակներում ներքաղաքական կյանքում մասնակցություն ցուցաբերելով և քաղաքացու իրավունքներից օգտվելով, այդ թվում նաև՝ այս կամ այն կուսակցության կամ քաղաքական բլոկի գաղափարները կիսելով և այդ մասին հրապարակավ հայտարարելով: Սա ժողովրդավարական երկրի կարևոր արժեքներից մեկն է, իսկ մենք թեև ներկա պահին հեռու ենք ժողովրդավար լինելուց, այնուամենայնիվ, գոնե ֆորմալ տեսանկյունից ժողովրդավարական երկիր ենք:

Եվ եթե այս կամ այն, առաջին հերթին՝ ՀՀ քաղաքացուն կոչ են անում մասնակցություն չունենալ քաղաքական կյանքում, ապա դա արդեն իսկ հարված է ժողովրդավարությանը:

Ու թեև Հին Աթենքի ժողովրդավարության ժամանակներն անցել են, սակայն այնտեղից մի շատ կարևոր միտք է հասել մեր օրեր: Աթենքի հայտնի պետական գործիչ, օրենսգիր և բանաստեղծ Սողոնն առաջարկում էր վտարել քաղաքից այն բոլոր մարդկանց, ովքեր երկրի համար ճակատագրական պահին հրաժարվում էին անցնել այս կամ այն քաղաքական ուժի կողմը, քանի որ նման վարքագիծը, ըստ Սողոնի, խոսում էր այն մասին, որ այդ մարդն անտարբեր է սեփական երկրի ճակատագրի հանդեպ, ինչն անընդունելի էր Աթենքի հասարակության համար. չէ՞ որ նման մարդը չի կարող լինել լավ քաղաքացի և նպաստել պետության զարգացմանը:

Իսկ հաշվի առնելով այն խայտառակ իրավիճակը, որը ստեղծվել է այսօր մեր երկրում՝ ի շնորհիվ գործող իշխանությունների անգրագետ քայլերի, և որի մասին գոռում են նույնիսկ պաշտոնական վիճակագրության տվյալները, սահմանում տեղի ունեցող ողբալի իրադարձությունները և արտաքին հարաբերությունների ոլորտի ձախողումները, պարզ է դառնում, որ այլևս չեզոքություն պահպանելը պարզապես հանցանք է սեփական երկրի նկատմամբ, իսկ քանի որ այսօր դաշտը բաժանվել է սևի ու սպիտակի, պետք է անցնել այս կամ այն ուժի կողմը և կատարել քաղաքացու պարտքը՝ տեր կանգնելով երկրի ճակատագրին: Եվ ո՞վ, եթե ոչ ազատամարտիկը պետք է այդ գործընթացի առաջին գծում լինի:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը