Լրահոս

14.10.2014 15:04


Արցախի պետհամալսարանը հռչակագիր է ստորագրել Բելգիայի կաթոլիկ համալսարանի հետ

Արցախի պետհամալսարանը հռչակագիր է ստորագրել Բելգիայի կաթոլիկ համալսարանի հետ

Ստեփանակերտում հոկտեմբերի 13-ին Արցախի պետական համալսարանի եւ Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջեւ ստորագրվել է Համագործակցության հռչակագիր։

Հռչակագիրը ստորագրել են ԼՂՀ-ում՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը եւ Բելգիայում՝ Լյուվենի կաթոլիկ համալսարանի ռեկտոր Ռիկ Տորֆսը։

Ստեփանակերտում Լյուվենի կաթոլիկ համալսարանը ներկայացնում էր համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպա-Հայաստան խորհրդատվական կոմիտեի անդամ Բերնար Կուլին։

Ստորագրման արարողությանը ներկա էին նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորի քաղաքական խորհրդական, միջազգային իրավունքի ու եվրոպական հետազոտությունների դոկտոր Յանիս Խարալամպիդիսը եւ Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարամպետյանը։

«Մեր համալսարանի միջազգային գործակցության պատմությունը հարստանում է եւս մեկ էջով. դա Արցախի եւ Բելգիայի համալսարանների միջեւ հռչակագրի ստորագրումն է, որը նոր խթան կհանդիսանա համալսարանի գիտա-կրթական զարգացմանը: Այսօր մենք ունենք երկու տասնյակից ավելի միջազգային պայմանագրեր, բայց սա եվրոպական համալսարանի հետ առաջին պայմանագիրն է, որը հնարավորություն կտա ընդլայնվելու եւ գործունեություն ծավալելու նաեւ այդ տարածաշրջանումե, - նշել է ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը:

Բ. Կուլին իր հերթին ընդգծել է, որ Լյուվենի համալսարանը աշխարհի ամենահին համալսարաններից է եւ եզակիներից, որտեղ գործում է 200 տարվա պատմություն ունեցող հայագիտության ամբիոն։

«Համոզված եմ, որ կկարողանանք համագործակցություն հաստատել ամենատարբեր բնագավառներում: Հռչակագիրը հնարավորություն է, որպեսզի Արցախը եւ Արցախի համալսարանը ճանաչելի դառնան Եվրոպայում: Այն, որ Արցախում կա այսպիսի համալսարան, արդեն իսկ խոսում է այն մասին, որ տեղի իշխանությունները կարեւորում են կրթությունըե:

Էլենի Թեոխարուսը եւ Յանիս Խարալամպիդիսը ընդգծել են, որ ԼՂՀ-ն մեկուսացումից դուրս բերելու լավագույն տարբերակը կրթությունն է:

Հանդիպման ավարտին Յանիս Խարալամպիդիսին եւ Բերնար Կուլիին շնորհվել են Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտորի եւ պրոֆեսորի կոչումներ՝ գիտության եւ կրթության ոլորտում ակնառու նվաճումների, Արցախի պետական համալսարանի եւ Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջեւ գիտական կապերի հաստատման համար:

Այս խորագրի վերջին նյութերը