Քաղաքական

14.10.2014 14:33


Արամ Հարությունյան. «Օրակարգը մեկն է՝ իշխանափոխություն»

Արամ Հարությունյան. «Օրակարգը մեկն է՝ իշխանափոխություն»

Այսօրվա ասուլիսին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը խոսելով երկրում մեկնարկած ներքաղաքական գործընթացներից՝ նշել է, որ սկզբի համար անհրաժեշտ է հիշել հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, որն իրավամբ կարելի է կայացած համարել. «Հանրահավաք, որին ժողովուրդը սպասում էր։ Երբ «եռյակը» մարզային հանդիպումներ էր անցկացնում, իշխանությունները «տեղական արջուկների» միջոցով փորձեցին խանգարել... Հստակ երևաց, որ «եռյակը» կատակ չի անում։ Եվ հասարակությունը հույսեր է կապում «եռյակի» հետ»։

Բանախոսն առանձնակի ուշադրություն է հրավիրել ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին. «Հստակ ասվեց, որ ինքը ժողովրդի հետ է, որ ինքը պատրաստ է մինչև վերջ գնալ, և ամենակարևորը՝ ինքը հպարտ է, որ այդ հարթակի վրա է»։

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու կամ որևէ այլ թեկնածուի պաշտպանելու մտքին՝ բանախոսն ասել է. «Դա արդեն նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չհասցրեց... Գագիկ Ծառուկյանն այն մարդն է, որը ժամանակի ընթացքում ցույց է տվել, որ իշխանություն չի ուզում, ես համոզված եմ։ Բայց ինքը նաև տեսնում է, որ հնարավոր չէ ապրել մի երկրում, որտեղ ժողովուրդը չքավորության մեջ է, որտեղ խլում են սեփականությունը։ Եթե նա չզբաղվեր քաղաքականությամբ, չլիներ ամուր, այսօր, ես համոզված եմ, բանը հասնելու էր սեփականությունը խլելուն»։

Բանախոսի կարծիքով շատ բնական է, որ խորհրդարանում թվով երկրորդ ուժն ունենա իր թեկնածուն։ Ըստ Հարությունյանի՝ Գագիկ Ծառուկյանը գիտակցում է սեփական առաքելությունը, որը «Հայաստանում նպաստելու է իշխանափոխությանը»։

ԲՀԿ առաջնորդին համեմատելով Իվանիշվիլիի հետ՝ բանախոսն ասել է. «Եթե Իվանաշվիլին Վրաստանում կորցնելու բան չուներ, ապա Ծառուկյանը կորցնելու բան ուներ, և նա իր քայլով ցույց տվեց, որ պատրաստ է ամեն ինչի»։

Արամ Հարությունյանի խոսքերով՝ քաղաքական դաշտը համախմբվում է, և իշխանությունը որևէ ռեսուրս չունի, և, այսպես կոչված, քաղաքացիական համաձայնության անվան տակ փորձում է սևացնել «եռյակին». «Մեջտեղ են բերվում «վարձու ինքնասպանները»»։

««Եռյակը», ինչպես շախմատում, սեղմել է ժամացույցը. աշխատում է Սերժ Սարգսյանի ժամանակը, և շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն ինքն իրեն զոհաբերելուց բացի՝ այլընտրանք չունենա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամիսներ առաջ «զոհաբերվել» է Տիգրան Սարգսյանը։ Որքան շուտ Սերժ Սարգսյանը փորձի ընդդիմության հետ նստել և հեռանալու «ճանապարհային–ժամանակային քարտեզը» համաձայնեցնել, այնքան ավելի լավ իր համար, այնքան լավ կլինի երկրի համար», – նշել է Հարությունյանը՝ հավելելով, որ միշտ խոսվել է անցնցում իշխանափոխության մասին։

Ըստ նրա՝ այսօր մենք պատմական իրավիճակում ենք. եկել է մի պահ, երբ հիմնական քաղաքական ուժերը, որոնք անկեղծ են, հասկանում են, որ մեր խնդիրն աշխարհաքաղաքական ուղղությունների հետ չի կապված։

Արամ Հարությունյանն ընդգծել է նաև «եռյակի» ընդլայնման կարևորության մասին ոչ միայն ՀԺԿ–ի հետ։ Ինչ վերաբերում է քաղաքական օրակարգին, ապա այն կա և միակն է՝ իշխանափոխություն. «Օրակարգը կա բոլորի աչքերում. օրակարգը մեկն է՝ իշխանափոխություն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը