Լրահոս

14.10.2014 13:49


Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀԲ գործադիր կառավարչի և փոխնախագահի հետ

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀԲ գործադիր կառավարչի և փոխնախագահի հետ

Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի գործադիր կառավարիչ, գլխավոր ֆինանսիստ Բերտրան Բադրեի և ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքի հետ:
Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և նշել, որ 20 տարվա փոխգործակցության ընթացքում ՀԲ-ն կարևոր դեր է ունեցել Հայաստանի բարեփոխումների իրականացման գործընթացում` շուկայական տնտեսությանն անցնելու համար անհրաժեշտ ինստիտուտների կայացումից, կենսական ենթակառուցվածքների արդիականացումից մինչև բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված տնտեսական քաղաքականության մշակում և իրականացում: «Հավատարիմ մնալով բարեփոխումների որդեգրած օրակարգին՝ մենք շարունակելու ենք երկրի մրցունակության բարձրացմանը և տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերը»,- նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ ՀԲ հետ հետագա համագործակցությունը պետք է ընդլայնվի և ընդգծել, որ մեր ծրագրերը կշարունակեն պահպանել տարածաշրջանի ամենաբարձր կատարողական մակարդակը՝ հետևողականորեն զարգացնելով տնտեսությունը և նվազեցնելով աղքատությունը:
ՀԲ գործադիր կառավարիչ Բերտրան Բադրեն, կարևորելով փոխգործակցության շարունակականությունը, նշել է. «Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է, և մենք ուրախ ենք շարունակելու համագործակցությունը երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»:
ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքը, գերազանց գնահատելով Հայաստանի պորտֆելի կատարողականը, շեշտել է. «Համաշխարհային բանկը շարունակելու է օժանդակությունը Հայաստանին և օգնելու է առաջ մղել բարեփոխումները»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ կարևորություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Այս խորագրի վերջին նյութերը