Քաղաքական

13.10.2014 16:01


Լևոն Զուրաբյան. «Մենք ժամանակ չունենք սպասելու»

Լևոն Զուրաբյան. «Մենք ժամանակ չունենք սպասելու»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ ԱԺ–ում ոչիշխանական «եռյակը»` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», Կոնգրեսի խմբակցությունում աշխատանքային հանդիպում են ունեցել, որտեղ քննարկվել են հոկտեմբերի 10–ին Ազատության հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքի արդյունքները, ինչպես նաև՝ «եռյակի» հետագա գործողությունները։
Աշխատանքային հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն ասել է, որ տրվել է հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրահավաքի գնահատականը. «Բոլորիս կարծիքը հետևյալն է՝ Հայաստանում տեղի է ունեցել մի հանրահավաք, որն իր ծավալով, քաղաքական գործընթացների վրա իր ազդեցությամբ հավասարվում է Հայաստանի պատմության մեջ 88-ից ի վեր ամենամարդաշատ հանրահավաքներին։ Դա ես համարում եմ մեր քաղաքական լանդշաֆտի ցնցումը»։

Մյուս հարցը, որը քննարկվել է աշխատանքային հանդիպմանը, վերաբերում էր հաջորդ հանրահավաքի ժամկետներին. «Մենք ժողովրդին խոստացել էինք, որ երկու-երեք օրվա մեջ կնշանակենք նոր հանրահավաքի օրը։ Բոլորի կարծիքն այն է, որ մեծ հույս է արթնացել ժողովրդի մեջ. ամբողջ հանրապետությունը, հանրությունը, ժողովուրդն ապրում է, խոսում է այս սկսված գործընթացով, և մենք ժամանակ չունենք սպասելու։ Ժողովուրդը համբերություն չունի. մենք սկսել ենք մի գործընթաց, որը որևէ դեպքում չի կարելի ձգձգել։ Մեր մյուս հանրահավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում հոկտեմբերի 24-ին՝ ժամը 17։00–ին»։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 24-ին սպասվելիք հանրահավաքի բովանդակությանը, Լևոն Զուրաբյանն ասել է. «Անելիքների, քայլերի միասնական ծրագրի հանրահավաք է։ Այսինքն, ժողովուրդն անելիք ունի և պետք է գա 24-ին շատ ավելի հստակ գործողությունների համար»։

Զուրաբյանը նշել է նաև, որ ոչիշխանական քաղաքական ուժերն իրենց անելիքը գիտեն, և գիտեն՝ ինչ գործընթացով են գնալու։ Ինչ վերաբերում է իշխանությանը, եթե ասելիք ունի, ապա «ունի մի փոքր ժամանակ իր առաջարկությունները ներկայացնելու համար...»։

ՀԱԿ պատգամավորն ընդգծել է, որ հանրահավաքը ժողովրդի հետ խորհրդակցելու միջոց է. «Դուք նման խորհրդակցության ականատեսը եղաք վերջին հանրահավաքի ժամանակ, որովհետև ժողովուրդը պասիվ չէր կանգնած. ժողովուրդն ամեն ինչին տալիս էր արձագանք, ժողովուրդն ինքն էր ցույց տալիս, թե իր համար հռետորների ասածի մեջ ինչն էր առաջնային, ինչը՝ ոգևորիչ, և ինչը՝ անհասկանալի»։
Զուրաբյանի խոսքերով՝ հանրահավաքը հստակ ձևակերպել է, որ իշխանությունը սպառված է. պետք է Հայաստանում ձևավորել իշխանություն, որը կարող է լուծել Հայաստանի առջև դրված խնդիրները։ Եթե իշխանությունն ունի առաջարկներ տվյալ երկու կետի վերաբերյալ, ոչիշխանական ուժերը կարող են լսել, բայց դա չի նշանակում, որ այդ առաջարկները չեն կարող կապված լինել իշխանությունների վերարտադրման կամ գոյատևման հետ. «Կարող են վերաբերել նրան, թե անցնցում գործընթացն ինչպես պետք է կազմակերպենք», – նշել է նա՝ հավելելով, որ սկզբից պետք է կենտրոնանալ անցնցում անցման հնարավորության վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը