Կարծիք

13.10.2014 14:33


Քաղաքական ճանապարհով իշխանափոխության առաջին քայլը

Քաղաքական ճանապարհով իշխանափոխության առաջին քայլը
Հայաստանում գոյություն ունի մի կարծիք, ըստ որի՝ իշխանափոխություն իրականացնելը 1-2 հզոր հանրահավաքի, իշխանության հասցեին 3-4 հայհոյանքի գործ է: Իրականում իշխանափոխություն կատարելը շատ ավելի բարդ, ծանր և երկարաժամկետ գործընթաց է: Իշխանափոխություն կարելի է կատարել միայն այն պարագայում, երբ դու կոնկրետ պատմական պահի, այս կամ այն հանգամանքների բերումով, ավելի հզոր ես, քան գործող իշխանությունները: Անհրաժեշտ են նաև գործողությունների հստակ «ճանապարհային քարտեզ» և գործունակ թիմ, որը կյանքի կկոչի այդ ծրագրերը թե՛ մինչև իշխանափոխություն, թե՛ իշխանության գալուց հետո:

Միաժամանակ, կոնկրետ պատմական պահի իշխանությունների ավելի ուժեղ լինելու համար պետք չէ ապավինել ֆորսմաժորային իրավիճակներին, կամ հույս ունենալ, որ 50-60 հազար մարդ հրապարակում տեսնելով՝ իշխանությունը սպիտակ դրոշ կբարձրացնի ու կհեռանա: Իշխանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է քայքայել, էրոզիայի ենթարկել իշխանական բուրգը, և այսօրվա Հայաստանում, հիրավի, ստեղծվել է նման իրավիճակ:

Ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունները բերվել են քաղաքական օրակարգ այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը փորձում է օրենսդրական նախապայմաններ ստեղծել սեփական վերարտադրությունն ապահովելու համար, ու հենց այս գործընթացը կարող է ընդդիմությանն օգնել իշխանությունը փոխել մեր երկրում: Եթե Սերժ Սարգսյանին չի հաջողվում իրականացնել սահմանադրական փոփոխությունները, ապա ակնհայտ է, որ նա դառնում է «հեռացող նախագահ», ինչն ինքնաբերաբար կբերի իշխանական բուրգի մասնատման: «Բուրգից պոկված մասնիկները», սեփական շահերից դրդված, կփորձեն չհակադրվել ուժի նոր կենտրոնին, որը ստիպեց գործող համակարգին նահանջել և զիջել սեփական դիրքերը: Ահա այս գործընթացն իրականացնելու համար ընդդիմությունից պահանջվելու է քաղաքական մտածողություն, խոհեմություն և սթափ որոշումներ կայացնելու ունակություն:

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում հնչեց մի բավականին կարևոր միտք, որը նույնպես կնպաստի «թավշյա իշխանափոխությանը»: Խոսքն այն մասին է, որ ընդդիմությունը դեմ արտահայտվեց սպառնալիքների ու հայհոյանքների լեզվով խոսելու ձևաչափին: Սա շատ կարևոր քայլ էր հետևյալ պատճառով՝ երբ դու սպառնալիքներ ես հնչեցնում մարդու հասցեին, ապա ակնհայտ է, որ դու ինքդ դրդում ես իրեն քո իսկ դեմ բիրտ մեթոդներով պայքարելուն: Սակայն երբ քո հայտարարությունները խոսում են այն մասին, որ «քաղաքական սամասուդ» տեղի չի ունենալու, և դու իշխանությունների համար «մարդասիրական միջանցք» կթողնես, դա երաշխիքներ է ստեղծում ոչ միայն իշխանությունների համար, որոնք, վստահ լինելով, որ իրենց չեն ոչնչացնելու, չեն գնում առճակատման, այլ նաև քո իսկ համար է հնարավորություն ստեղծում՝ խուսափելու անիմաստ կորուստներից:

Հետևաբար, քաղաքական ուժերն ու հանրությունը պետք է հասկանան, որ հոկտեմբերի 10-ի ընդդիմության հզոր հանրահավաքը իրականում միայն առաջին քայլն է երկրում արմատական փոփոխությունների և իշխանափոխության հասնելու ճանապարհին:
Մաթևոսյան Բենիամին

Hasarakutyun.am

Այս խորագրի վերջին նյութերը