Լրահոս

12.10.2014 18:45


Սուրբ վարդապետ-թարգմանիչների և նրանց աշակերտների հիշատակի օրը Վիրահայոց թեմում նշվեց տարբեր միջոցառումներով

Սուրբ վարդապետ-թարգմանիչների և նրանց աշակերտների հիշատակի օրը Վիրահայոց թեմում նշվեց տարբեր միջոցառումներով

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 2014 թվականի տոնացույցով, հոկտեմբերի 11-ը Սուրբվարդապետ-թարգմանիչներիևնրանցաշակերտներիհիշատակին օրն է: Ազգային-եկեղեցական այս տոնը Վիրահայոց թեմում նշվեց տարբեր միջոցառումներով: Դեռևսառավոտյան Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ նվիրված Թարգմանչաց տոնին: Հավատացյալները ունկնդիրը դարձան Պատարագիչ քահանայի՝ Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ ավագ քահանա Տեր Եղիշե Հարությունյանի՝ օրվա խորհրդի մասին ասված քարոզին, որի ժամանակ արժևորվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց աշակերտների դերը հայոց գրերի ստեղծման, ազգի պահպանության և հավատքի խորացման գործում:

Հավարտ Սուրբ Պատարագի բոլոր հավատացյալները և Սրբազնագույն Պատարագին ներկա Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբի անդամները, հոգևոր դասի առաջնորդությամբ, այցելեցին հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ հանգչող արժանավոր հայորդիների հոգու խաղաղության համար կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը խոսք ասաց հայ ժողովրդի կյանքում Սուրբ Թարգմանիչների ունեցած դերակատարության մասին:

Այնուհետև տոնակատարությունը շարունակվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Կենտրոնի սկզբնավորման օրից գործող «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը հանդես եկավ մենահամերգով, որը նվիրված էր Թարգմանչաց տոնին և երգչախմբի կազմավորման երրորդ տարեդարձին:

Մենահամերգին ներկա էին երգչախմբի ստեղծման նախաձեռնողները, կազմակերպիչները, նախկին և ներկայի անդամները, նրանց ծնողները, հյուրեր:

Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը երախտագիտության խոսքեր ուղղեց երգչախմբի խմբավար Մարիա Աբուլյանին, կենտրոնի նախկին գեղարվեստական ղեկավար՝Պավել Օգանեզովին, դաշնակահար Կարեն Միրզոյանին, ում ջանքերով կայացավ այսօր արդեն բավականին շնորհալի երգչախումբն իր 50 տղաներով ու աղջիկներով:

Երգչախմբի կատարմամբ հնչեցին դասական, ժողովրդական և էստրադային երաժշտության նմուշներ, հայ և վրացի երաժիշտների ստեղծագործություններ: Երգչախումբը իր գեղեցիկ կատարումներով բազմիցս մասնակցել է ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Հայաստանում կազմակերպված «Իմ Հայաստան» և «Վարդապետ Կոմիտաս» փառատոներին և արժանացել պատվոգրերի ու մեդալների: Համերգից հետո ելույթ ունեցող բանախոսները ներկաներին շնորհավորեցին Թարգմանչաց տոնի, իսկ պատանիներին՝ 3-րդ տարեդարձի առթիվ:

Թարգմանչաց տոնը հանդիսավորությամբ և տարբեր միջոցառումներով նշվեց Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում: Սուրբ Պատարագ մատուցվեց Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի, Ծալկայի, Թեթրիծղարոյի, Մառնեուլիի և Բաթումիի հայոց եկեղեցիներում: Ազգային-եկեղեցական այս տոնը տարբեր վայրերում նշանավորվեց նաև այլ միջոցառումներով:

Այս խորագրի վերջին նյութերը