Լրահոս

12.10.2014 09:04


Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում հայ զինծառայողը ենթարկվել է բռնությունների և խոշտանգման

Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում հայ զինծառայողը ենթարկվել է բռնությունների և խոշտանգման

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է ժամկետային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի՝ հակառակորդի մոտ հայտնվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու ինչպես նրա՝ հակառակորդի տարածքում հայտնվելու հանգամանքները, այնպես էլ՝ գերության մեջ նրա գտնվելու պայմանները։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել է նաև հայրենիք վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով մանրամասն նկարագրել է, թե ինչպես է հայտնվել հակառակորդի տարածքում և գերեվարվել, ինչպես նաև՝ գերության մեջ գտնվելու ընթացքում իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին։

Հաշվի առնելով քրեական գործի նախաքննության նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Հակոբ Ինջիղուլյանը, մասնավորպես, ցուցմունք է տվել, որ հակառակորդի տարածքում է հայտնվել՝ մոլորվելու արդյունքում։

Ըստ ցուցմունքի՝ դեպքի օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, գնացել է դասակի դիրք` ջուր բերելու համար: Ջրի տարան ջրով լցնելուց հետո դասակի հրամանատարից ծխախոտ է խնդրել, ծխելով դուրս եկել դիրքի զուգարանի մոտով` նույն տեղով, որով եկել է: Քանի որ արդեն մթնել էր, վատ տեսողության պատճառով չի կարողացել ճիշտ կողմնորոշվել տեղանքում և հեռվում տեսնելով էլեկտրական լույս՝ գնացել է լույսի ուղղությամբ ու նկատել մի տնակ, որի դուռը բացելով՝ տեսել է չորս մարդ:

Հարցրել է նրանց՝ որտեղ է գտնվում մարտական կիրառման շրջանը: Նշված մարդկանցից մեկը խոսել է «թուրքերեն» լեզվով, և ինքը հասկացել է, որ մոլորվելու հետևանքով հասել է հակառակորդի գյուղ:

Նույն պահին նշված մարդկանցից ամենաերիտասարդը, դանակը դնելով իր պարանոցի շրջանին, սպառնացել է, որից հետո բջջային հեռախոսով կապվել ինչ-որ մեկի հետ: Քիչ անց ժամանել է հակառակորդի՝ թվով չորս զինվորական, ովքեր աչքերը փակել են անթափանց կտորով, իրեն նստեցրել «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենա, որի պետհամարանիշն ինքը չի տեսել, և մոտ 30 րոպե երթևեկելուց հետո մի ամայի դաշտում կանգնեցրել են ավտոմեքենան, դուրս հանել և տապալելով գետնին, ոտքերով ու ձեռքերով դաժան ծեծի ենթարկել իրեն, որից հետո «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով այնտեղ եկել է զինվորական համազգեստով մի տղամարդ:

Այնուհետև նրանք նույն կտորով կրկին կապել են իր աչքերը և նստեցրել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որից հետո հարթ ճանապարհով մոտ 20 րոպե երթևեկելով՝ հասել են երկհարկանի մի շինություն։

Ադրբեջանցի գեներալի աշխատասենյակում ենթասպա կոչումով, զինվորական համազգեստով մի տղամարդ հայերեն լեզվով հայ զինծառայողին հարցուփորձ է արել։ Համոզվելով, որ իրականում մոլորվելու հետևանքով է հայտնվել նրանց տարածքում՝ Ինջիղուլյանին, նախապես կապած աչքերով, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով տարել են հակառակորդի մարտական դիտակետերից մեկը և առաջարկել ցույց տալ, թե որտեղով է անցել, սակայն ինքը ոչինչ չի հայտնել, քանի որ անցնելու պահին մութ էր և ոչինչ չի տեսել:

Դրանից հետո Ինջիղուլյանին նույն ավտոմեքենայով տեղափոխել են գեներալ Օսմանովի շտաբ, որտեղից էլ՝ Բաքվի ռազմագաղութ, որտեղ նրա նկատմամբ պարբերաբար կիրառվել են ֆիզիկական բռնություններ, հատկապես` հաճախ իրեն ծեծի է ենթարկել մայորի կոչումով մի տղամարդ, որը ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրելու սպառնալիքներով ստիպել է հայ զինծառայողին հարցազրույցների ժամանակ հայտնել այն ամենը, ինչ նրանք կցանկանան:

Ամիսը մեկ անգամ «Կարմիր խաչ միջազգային կոմիտեի» կազմակերպության ներկայացուցիչների այցելումից առաջ «մայոր» կոչումով նշված սպան ծեծի է ենթարկել հայ զինծառայողին՝ ստիպելով այդ կազմակերպության ներկայացուցիչներին հայտնել, թե չի ցանկանում վերադառնալ Հայաստան, և, իբր, հայրենիքում իր նկատմամբ բռնություն են գործադրել: Հայ զինծառայողը պարտադրաբար, բռնությունների ազդեցության ներքո Կարմիր Խաչի ներկայացուցիչներին ասել է ադրբեջանցիների պահանջածը։

Նշված ռազմագաղութում հայ զինծառայողը մնացել է շուրջ մեկ տարի և այդ ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրել, բացառությամբ՝ Ադրբեջանի նախագահին հասցեագրված` երրորդ պետություն տեղափոխվելու ցանկության մասին իր դիմումը, որը գրել է նույնպես սպառնալիքների և հալածանքների ներքո:

Հ. Ինջիղուլյանը հարցաքննության ժամանակ նշել է, որ հայկական զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում` զորամասում կամ ծառայության վայրում, իր նկատմամբ ոչ ոք բռնություն կամ դրա սպառնալիք չի գործադրել, պատիվն ու արժանապատվությունը չի ստորացրել, ծառայության հետ կապված խնդիրներ չի ունեցել և ցանկություն է հայտնել ծառայությունը շարունակելու նույնիսկ նույն զորամասում` իրականացնելով մարտական հերթապահություն։

Գերության ընթացքում նա ադրբեջանցիների կողմից բազմիցս ենթարկվել է ծեծի, խոշտանգումների, անմարդկային հալածանքների։

Քննության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում հայ զինծառայողի նկատմամբ բռնություններ կիրառած անձանց ինքնությունը։Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը