Լրահոս

11.10.2014 12:39


Սերժ Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ

Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Սերբիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է երկու երկրների նախագահների երկկողմ ձևաչափով հանդիպումը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-սերբական բարեկամությունը խորը արմատներ ու պատմություն ունի, և այդ պատմության մեջ բարեկամության բազմաթիվ դրսևորումներ կան, որոնք լավ հիմք են այսօր միջպետական հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սերբիայի նախագահի այցը նոր խթան կհաղորդի հայ-սերբական քաղաքական երկխոսությանը և երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին:

Տոմիսլավ Նիկոլիչը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ Սերբիայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, իր համար կարևոր է եղել Հայաստանի և Սերբիայի միջև հարաբերությունների զարգացումը, որը, նախագահ Նիկոլիչի խոսքով, այսօր բավարար մակարդակի վրա չէ: Սերբիայի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կներդնի առավելագույն ջանքեր՝ հայ-սերբական միջպետական կապերը սերտացնելու և համագործակցությունը խորացնելու համար:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին պարգևատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի առթիվ և ի նշանավորումն հայ-սերբական ավանդական բարեկամության: Տոմիսլավ Նիկոլիչը փոխադարձաբար Սերժ Սարգսյանին պարգևատրել է Սերբիայի Հանրապետության շքանշանով:

Այս խորագրի վերջին նյութերը