Լրահոս

11.10.2014 09:30


Արցախի վարչապետը ներկայացրել է տնտեսության գերակա ուղղությունները

Արցախի վարչապետը ներկայացրել է տնտեսության գերակա ուղղությունները

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողների պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչապետն ընդգծել է դպրոցի ուսանողների ավանդական դարձած այցերի կարևորությունն Արցախի տնտեսական և քաղաքական ներուժին տեղում ծանոթանալու գործում: Նա համառոտ կերպով ներկայացրել է իր տեսակետներն արտաքին քաղաքական ընթացիկ իրավիճակի վերաբերյալ՝ շեշտադրելով, որ առաջընթացը նկատելի է այդ ուղղությամբ:

Վ. Գաբրիելյանը ներկայացրել է այցի նպատակներն ու արդյունքները, ինչպես նաև դպրոցի ձեռքբերումներն ու ծրագրերը: Նա ընդգծել է իրենց պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու ԼՂՀ դիվանագետների և պետական այլ ծառայողների մասնագիտական վերապատրաստմանը:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Ա. Հարությունյանը ներկայացրել է տնտեսության գերակա ուղղությունները և դրանցում իրագործվող ներդրումային քաղաքականությունը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել օտարերկրյա ներդրումների ծավալից՝ շեշտադրելով, որ հանրապետության տնտեսական և քաղաքական կայունության և զարգացման հանդեպ վստահության մակարդակը բավականին բարձր է: Վարչապետն անդրադարձել է նաև մի շարք նոր ծրագրերի՝ հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում:

Պատասխանելով Արցախի քաղաքական ապագայի վերաբերյալ հարցին՝ Ա. Հարությունյանն այն պայմանավորել է հանրապետության տնտեսական զարգացմամբ՝ ընդգծելով ՀՀ իշխանությունների անմիջական աջակցության նշանակալի դերը:

Այս խորագրի վերջին նյութերը