Կարծիք

11.10.2014 00:04


«Բախումներից խուսափելու ու պատասխան ստանալու համար տրվեց ժամանակ»

«Բախումներից խուսափելու ու պատասխան ստանալու համար տրվեց ժամանակ»

Քանի որ հանրահավաքից հետո էլի ֆեյբուքը կիսվեց 3 մասի, որոնցից առաջինները վաղուց գրած պատրաստի ստատուսները հրապարակեցին, թե իրենք ամեն ինչ գիտեին ու այլ բան չէին սպասում, մի մասը անտարբեր են ու ինչպես միշտ հիասթափված ամեն ինչից, մի մասն էլ (այդ թվում ես) նախորդ երկուսի կարծիքով մազոխիստներ են կամ ֆանատիկներ, ովքեր սակայն իրականում թերևս ամենաադեկվատն են գնահատում իրավիճակը: Բնականաբար, շատերս կուզեինք, որ իշխանափոխությունը տեղի ունենար հենց այսօր, գուցե հրապարակում շատերը պատրաստ էին ամենածայրահեղ քայլերին, բայց հաշվի առնենք, որ այս ֆորմատով սա առաջին համապետական հանրահավաքն էր, որտեղ իշխանությունների գործողություններին տրվեցին կոնկրետ գնահատականներ, հայտարարվեց, որ նրանց հեռացումն անխուսափելի է, և բախումներից խուսափելու ու պատասխան ստանալու համար տրվեց ժամանակ: Ի վերջո եթե նույնիսկ ոմանք պատրաստ են գնալ ռադիկալ քայլերի, ապա միշտ կա հավանականություն դրանից խուսափելու, և առնվազն խելամիտ չէր լինի առանց իշխանությունների արձագանքին սպասելու՝ ժողովրդին տանել բախման, որովհետև դեռ պարզ չէ, թե իշխանության ներսում այս գործընթացը և հենց այսօրվա հանրահավաքը ինչ ռեզոնանս կտա, մանավանդ որ իշխող կուսակցության և համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ առանձին զրույցներում չեն թաքցնում, որ իրենք ևս հույսեր են կապում այս պայքարի հետ, քանի որ տեսնում են համատարած հուսալքությունն ու հետընթացը: Արդյոք այս ամենը հաշվի առնելով Ձեզանից որևէ մեկը իր վրա նման պատասխանատվություն կվերցնե՞ր ու մեկ օրում կգնա՞ր արկածախնդրության, միևնույն ժամանակ թեկուզ տեսականորեն իմանալով, որ գուցե խնդիրը կարող է լուծվել առանց դրա: Կարծում եմ, հաջորդ հանրահավաքը շատ չի ուշանա, իսկ մինչ այդ թող իշխանությունները տեսնեն, թե ինչքան մարդ է դժգոհ իրենցից և ինչ կլինի, եթե այդ մարդիկ որոշեն իշխանափոխության բռնի գործընթաց սկսել: Կարծում եմ, այս հեռանկարը ոչ մի կողմին ձեռնտու չէ, բայց ինչպես այսօր ասվեց, կա՛մ իշխանությունները պետք է բավարար խելամտություն դրսևորեն ու հեռանան, կա՛մ այս զանգվածին շուտով զսպել չի լինի, մանավանդ որ քաղաքական ուժերի ղեկավարները ևս սա քաջ գիտակցում են ու չեն հիասթափեցնի նրանց: Հիմա գնդակը նետվեց իշխանությունների կիսադաշտ, իսկ թե որքանով նրանք կհետևեն fair play-ի կանոններին, կերևա մոտ ապագայում:

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը