Լրահոս

10.10.2014 17:15


ՊՈԱԿ-ի գիտաշխատողը մասնակցել է ԻԿՕՄ/ԻԿԱՄՏ-ի 40-րդ միջազգային գիտաժողովին

ՊՈԱԿ-ի գիտաշխատողը  մասնակցել է ԻԿՕՄ/ԻԿԱՄՏ-ի  40-րդ  միջազգային գիտաժողովին

Օրերս Թբիլիսիում կայացել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Ճարտարապետության և թանգարանային տեխնիկական միջոցների միջազգային կոմիտեի (ԻԿԱՄՏ) 40-րդ միջազգային ամենամյա գիտաժողովը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Իտալիայից, Նորվեգիայից, Ուկրաինայից, Եգիպտոսից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, Մեքսիկայից: «Պատմության գագաթնակետում՝ սայթ-թանգարաններ (տարածական կամ տեսարժան վայր-թանգարաններ)» խորագիրը կրող գիտաժողովը նվիրված էր 1982 թ. ԻԿՕՄ-ի կողմից շրջանառության մեջ դրված նմանատիպ թանգարանների վերաբերյալ արդի մոտեցումներին և գործնական ոլորտի խնդիրներին, զարգացումներին:

«Սայթ-թանգարանները Հայաստանում: Խնդիրները և հեռանկարները» խորագրով զեկուցումը և հետազոտությունը հաստատվել էին գիտաժողովի կազմկոմիտեի կողմից և ընդգրկվել ծրագրում: Զեկույցով հանդես է եկել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետազոտող Դավիթ Պողոսյանը 19 սլայդների միջոցով ներկայացրել ՀՀ սայթ-թանգարանների հիմնական տիպերը և որպես դասական մոդել արգելոց-թանգարանների ստեղծման գործընթացը, կառավարման համակարգը, առկա հիմնախնդիրները և ռազմավարական զարգացման մոտեցումները:

Գիտաժողովը կարևոր էր միջազգային ասպարեզում արգելոց-թանգարաններին վերաբերող հիմնական մոտեցումներին ու տերմինաբանությանը ծանոթանալու առումով, նաև արդիական` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի` գործնական ոլորտում նոր թանգարանագիտական մոտեցումների ներդրման և զարգացման տեսանկյունից:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը