Կարծիք

10.10.2014 11:10


Էդվարդ Անտինյան. Կարևորը միասնությունն է. մնացածը տեխնիկայի գործ է

Էդվարդ Անտինյան.  Կարևորը միասնությունն է. մնացածը տեխնիկայի գործ է

Այն, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքով մի նոր գործընթացի սկիզբ է դրվելու, հասկանալի է:

Այդ օրվան ու դրան հաջորդող գործընթացներին լրջորեն նախապատրաստվում էին թե՛ կազմակերպիչները և թե՛ սկիզբ առնող ալիքը կոտրելուն լծված իշխանավորները: Եվ այս վիրտուալ հակամարտությունը նաև ոգևորության ալիք էր բարձրացրել հասարակության մոտ ու լուրջ սպասումներ առաջացրել, որ այս անգամ կհաջողվի հասնել հաղթանակի:

Այն, որ բոլոր նախապայմանները կային ժողովրդի ընդվզման, կասկածից վեր է, բայց դրանք կազմակերպական հուն մտցնելու խնդիր կա: Հախուռն, ըմբոստ շարժումները կարող են այնպիսի անկանխատեսելի ցնցումներ առաջացնել, որ հանգեցնեն անդառնալի կորուստների: Ու որքան էլ զզված է ժողովորդն այս իշխանություններից, բարեբախտաբար, քաջ գիտակցում է կազմակերպիչների ու շարժման լիդերների համակարգված գործողությունների կարևորությունը:

Իշխանություններն ինչքան էլ փորձեցին ալիքի դեմն առնել՝ միանգամայն հակառակ արդյունք ստացվեց:

««Եռյակի» լիդերները չեն մասնակցելու հանրահավաքին, այդ դեպքում ինչո՞ւ պետք է ժողովուրդը մասնակցի», «ԲՀԿ-ն ու նրա առաջնորդն իշխանափոխության խնդիր չեն դնի, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի գնալ հանրահավաքի, եթե ընդամենը ճառեր են լսվելու՝ առանց արդյունքի»: Այս և նման տեսակետներն իշխանական քարոզչամեքենայի հաղթաթղթերն էին, ու դրանցով մինչև վերջին օրը փորձեցին մարդկանց հիասթափեցնել հանրահավաքից:

Բայց «եռյակի» լիդերներն էլ իրենց գաղտնի քայլերն ունեին: Արդյունքում՝ տեսանելի էր իշխանությունների շփոթված վիճակը, որ գիտեին՝ մի բան կատարվելու է իրենց գլխին, բայց չգիտեին՝ ինչ, ու չէին տեսնում, թե ինչպես: Եվ ինտրիգը պահվեց մինչև վերջին օրը, ու երեկ արդեն անսպասելիորեն իմացան, որ ոչ միայն «եռյակի» առաջնորդներըն են մասնակցելու են հանրահավաքին, այլ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ունեն նախագահի իրենց նախընտրելի թեկնածուները, իսկ եթե ընտրությունը կանգ առնի իր թեկնածության վրա, ապա ինքը պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը:

Փաստորեն, «թեժ աշնանը» որ «սառը ցնցուղ» էին խոստանում, իսկապես պետք եկավ, բայց ոչ թե ընդդիմության համար, այլ իշխանության, ու ոչ թե հանրահավաքի օրը, այլ նախօրյակին, երբ կազմակերպիչները մինչև վերջին օրը կարողացան գործողությունների իրենց սցենարը գաղտնի պահել:

Ինչ խոսք, համախմբման կոչեր ժամանակին շատ քաղաքական ուժերի առաջնորդներ են հնչեցրել, բայց որպես կանոն՝ երբ արդեն իրենց «աստեղային պահը» բաց թողած են եղել, ու հասկացել, որ միայնակ հաղթել այլևս չեն կարող, նոր միայն կարևորել են միասնաբար գործելու անհրաժեշտությունը: Մինչդեռ, Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը հաճելիորեն տարբերվում է, քանի որ նա համախմբման կոչը հնչեցերել է դեռ ամիսներ առաջ՝ իր ղեկավարած կուսակցության վերելքի պահին, երբ հերթական համապետական ընտրությունները տարիներ հետո էին տեղի ունենալու: Ուստի ԲՀԿ առաջնորդի պատրաստակամության՝ համախմբման ճանապարհով երկիրը դուրս բերել այս աղետալի վիճակից, ինչպես տեսնում եք, արդյունքն իրեն երկար սպասեցնել չտվեց:
Վստահ եմ, որ այսօր անհամեմատ ավելի շատ մարդ է լինելու Ազատության հրապարակում, քան կարծում էինք, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ «եռյակը» թիկունքն ամուր է զգալու, և ուժի դիրքերից է խոսելու։

Եվ եթե կարծում էինք, որ հանրահավաք ենք գնալու, որպեսզի երկրում իրավիճակ փոխենք, համազված եմ, որ գնում ենք՝ արդեն իրավիճակ փոխած, քանզի տեղի է ունեցել աննախադեպ մի բան՝ քաղաքական ուժերը համախմբվել են ու հանրային ալիք են բարձրացնում ոչ թե հետընտրական կամ նախընտրական փուլում, այլ լրիվ այլ իրավիճակում։ Մեր երկիրն այնպիսի վիճակում է հայտնվել, որ մտահոգ քաղաքական ուժերը պարզապես չէին կարող չարձագանքել դրան։ Եվ արձագանքնեցին։ Հանրությունն էլ իր հերթին պետք է արձագանքի քաղաքական ուժերի նախաձեռնությանը։

Այսօր Ազատության հրապարակում հենց այդ միասնական դիրքորոշումն է՝ իրար կողք կանգնեցնելու լիդերներին ու հանրությանը։ Իսկ միասնությունը հաջողության գլխավոր նախապայմանն է։ Մնացածը տեխնիկայի գործ է։

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203116662939970

Այս խորագրի վերջին նյութերը