Կարծիք

09.10.2014 20:25


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Փոփոխությունների մեկնարկը տրվեց

Այսօր Գագիկ Ծառուկյանն առավել քան հստակ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու հայտ ներկայացրեց:

Հիշեցնեմ, որ ժամանակին ասել էր, որ ընտրությունները, լինեն հերթական, թե արտահերթ, ԲՀԿ-ն անպայման մանակցելու է իր թեկնածուով, և իշխանությունը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը:

Ծառուկյանի հայտարարությունը պատասխան էր այն թերահավատներին, թե ոչ մի իշխանափոխության խնդիր էլ չի դրվելու ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի կողմից:

Ինչն է նաև կարևոր: Ծառուկյանը նշեց, որ ինքը մի 4-5 արժանապատիվ թեկնածուի է տեսնում նախագահի պաշտոնում, ու եթե համախմբված թիմը պաշտպանի նրանցից որևէ մեկին, ապա ինքը պատրաստ է պաշտպանել այդ թեկնածուին: Ու նոր միայն նա խոսեց այն մասին, որ եթե թիմն իր թեկնածությունը պաշտպանի, ապա ինքը պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը:

Ի դեպ, ռուսական «Նեզավիսիմայա գազետային» տրված իր հարցազրույցում Ծառուկյանը նշել է, որ եթե երկրում բարվոք իրավիճակ լինի, ու հուսադրող քաղաքական իրավիճակ, ապա հանգիստ կարող է դուրս գալ քաղաքականությունից: Սա էլ նրանց համար, որքեր ամեն առիթով պնդում են, թե ԲՀԿ առաջնորդն ամեն գնով ցանկանում է նախագահ դառնալ, կամ քաղաքականության մեջ մնալ:

Վերջերս «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ այլ թեկնածուներից զատ՝ նաև Գագիկ Ծառուկյանին տեսնում է որպես ՀՀ նախագահ, և կարևորը, որ նա ընտրված լինի ժողովրդի կողմից։ Նրա այդ խոսքերից հետո իշխանությունների դրածոները քիչ էր մնում՝ դավաճան հանեին «Ժառանգության» փոխնախագահին, թե իր ղեկավարին ուրացավ ու արդեն Ծառուկյանին է պաշտպանում: Այն դեպքում, երբ ամենակարևոր ու լարված պահերին, անգամ արյունալի բախումների ժամանակ Արմեն Մարտիրոսյանը եղել է առաջին գծում:

Մարտիրոսյանը պարզապես ցույց տվեց, որ եթե երեք կուսակցությունով համախմբվում են, և ժողովուրդն էլ միանում է, ուրեմն «եռյակի» անդամ կուսակցություններից յուրաքանչյուրի լիդերը կարող է դառնալ միասնական թեկնածու: Սա առաջին դեպքն էր, երբ նման կեցվածք է դրսևորվում, քանի որ մինչ այժմ ամեն մեկը մտածում էր, որ կմիավորվեն ու կփորձեն իշխանություններին տապալել այն հույսով, որ իրենց թեկնածուն է լինելու հաջորդ նախագահը: Բայց երբ զգացել են, որ չեն կարողանում իրենց թեկնածուին «տակնահան» առաջ բրդել, ուրեմն էլ ի՞նչ իմաստ ունի իշխանափոխությունը: Դրա համար էլ ոչ թե միասնաբար իշխանությունների դեմ են պայքարել, այլ ընդդիմադիր դաշտում՝ մեկը մյուսի:

Իսկ այսօր արդեն Գագիկ Ծառուկյանն իր ծանրակշիռ խոսքն ասաց, որ պատրաստ է սատարել իր գործընկերների թեկնածությունը, եթե դրա համար լինի ընդհանրական մոտեցում, հետո նոր միայն իրենը, այդ էլ այն դեպքում, երբ ոչ միայն գործընկերները, այլ նաև ժողովուրդը նման ցանկություն հայտնեն:

Ուստի, սա կարելի է գնահատել ոչ միայն իշխանափոխության հայտ, ոչ միայն նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով առաջադրվելու հայտ, այլ գործընկերային ազնիվ հարաբերություններով իշխանափոխության գնալու հայտ: Ու այս ամենավերջին քայլը գրագետ կյանքի կոչելու դեպքում իշխանափոխությունն էլ կլինի, արժանի թեկնածուն էլ, նրա շուրջ թե՛ սկզբում և թե՛ հետագայում՝ համախմբումն էլ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1483202118618237&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը