Լրահոս

09.10.2014 15:23


Հոկտեմբերի 9-ը Տեսողության համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 9-ը Տեսողության համաշխարհային օրն է

Օրվա նպատակն է ամբողջ աշխարհում բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները և երկրներին հիշեցնել իրենց ստանձնած պարտավորությունների մասին: Տեսողության պահպանման և խնդիրների մասին իրազեկման գործում անչափ կարևոր է նաև հասարակության ակտիվ մասնակցությունը: Ամբողջ աշխարհում տեսողության վերականգնման և կուրության կանխարգելման ռազմավարություններն ամենարդյունավետն են: Վերջին տարիներին այս ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել։

Գիտակցելով մեր բնակչության ակնաբուժական խնդիրները՝ հայ ակնաբույժների հանրությունը` համախմբվելով ՀՀ առողջապահության նախարարության շուրջ, տարբեր ծրագրերի շրջանակներում հնարավորինս լուծումներ է տալիս դրանց:

Ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են բաց դռների օրեր տարբեր մարզերում, որոնց ժամանակ կատարվում են անվճար խորհրդատվություններ և նշանակվում անհրաժեշտ բուժումներ: Մեր ակնաբույժները մեծ հաջողություններ են արձանագրում այնպիսի վտանգավոր ախտահարումների հաղթահարման գործում, ինչպիսիք են գլաուկոման, դիաբետիկ փոփոխությունները և կատարակտը:

Շատ կարևոր է հատկապես վաղ մանկական ախտորոշումը, քանզի համպատասխան միջոցների չկիրառումը կարող է հանգեցնել տեսողական անվերադարձ կորստի:

Կուրության կանխարգելման նպատակով նորածնային սկրինինգի և բուժման ծրագրի շրջանակում Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորակառույց շենքում հանդիսավորությամբ բացվեց «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն»։ Կենտրոնի նպատակն է հիմնել և զարգացնել ակնաբուժական մասնագիտացված ներուժ՝ Հայաստանում և տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելման նպատակով: Այն երեխաներին սպառնացող կուրության հիվանդությունների ակնային վիրահատություններ իրականացնելու բնագավառի առաջամարտիկ է տարածաշրջանում:

Մասնագետները կոչ են անում ժամանակ առ ժամանակ ստուգե՛լ տեսողությունը, գանգատների դեպքում ժամանակին դիմե՛լ բժշկի` հետագա անցանկալի բարդություններից խուսափելու նպատակով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում շուրջ 285 մլն մարդ թույլ տեսողություն ունի, 19 մլն երեխա տեսողության խանգարումներ ունի, 39 մլն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է:

Այս խորագրի վերջին նյութերը