Լրահոս

09.10.2014 14:31


Բոլորս դեպի Ազատության հրապարակ` «Իշխանությունը ժողովրդինն է» կարգախոսով

Բոլորս դեպի Ազատության հրապարակ` «Իշխանությունը ժողովրդինն է» կարգախոսով

«Ազգային անվտանգություն» կուսակցության վարչության կոչը հոկտեմբերի 10-ի հանրահավաքի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սույն թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18.00-ին, «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունները Երևանի Ազատության հրապարակում հրավիրել են հանրահավաք, որում քննության առարկա են դառնալու Հայաստանի Հանրապետության առջև ծառացած կարևորագույն խնդիրները, որոնց օր առաջ լուծումը ժամանակի հրամայականն է:
Հայաստանի իշխանությունները՝ «Հայաստանի հանրապետական» կուսակցության ղեկավարությամբ, ձախողել են ոչ միայն Հայաստանի սոցիալ-տնտեսական ծրագրերը, այլեւ իրենց ոչ արհեստավարժ ներքին ու արտաքին քաղաքականությամբ երկիրը կանգնեցրել են օրհասական վիճակի առաջ: Վտանգված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության անկախությունը, 1988 թվականի զարթոնքի արդյունքում տարած հաղթանակները՝ ի դեմս ազատ ու անկախ Արցախի, այլև մեր նախկին բոլոր ձեռքբերումներն ու ապագան:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հանրահավաքին մեր ակտիվ մասնակցությամբ, միմյանց նկատմամբ հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի դրսևորմամբ, կխթանենք բարեփոխումներին միտված կուսակցությունների միասնական գործունեությունը, կնպաստենք իշխանությունների կողմից սանձազերծված համատարած վախի մթնոլորտի վերացմանն ու օրինականության վերականգնմանը:
Բոլորս դեպի Ազատության հրապարակ` «Իշխանությունը ժողովրդինն է» կարգախոսով:
«Ազգային անվտանգություն» կուսակցության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը