Լրահոս

08.10.2014 17:35


Ստեփան Մարգարյան. «Սահմանադրությունը չպիտի փոխվի, և դա կբերի իսկական իշխանափոխության»

Ստեփան Մարգարյան. «Սահմանադրությունը չպիտի փոխվի, և դա կբերի իսկական իշխանափոխության»

–Երկիրը քանդվում է բառի բուն իմաստով,–Գյումրիում հրավիրված «եռյակի» հանրահավաքին հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ հավելելով, որ ոչիշխանական «եռյակի» միավորումը հրատապ է եղել, բայց որևէ քաղաքական ուժ, առանց ժողովրդի, չի կարող լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները.

–Այս իրավիճակին հասնելու մեղավորն իշխանություններն են, բայց մենք համոզված ենք, որ դրանք շատ արագ լուծելի են, և եթե գործող իշխանությունները դրանք չլուծեցին, լուծելու են նո՛ր իշխանությունները։ Գործող իշխանությունների հետևողական քաղաքականության արդյունքում այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ մեր ժողովրդի մեծ մասը տոկոսի տակ է, մեր վզին փաթաթվեց կուտակային «բարեփոխումների» համակարգը, երկրի ամբողջ բնակչությունը հազարավոր դոլարների պարտք ունի։

Ս. Մարգարյանն ընդգծել է, որ փոխանակ երկրի առաջ ծառացած այս խնդիրները լուծեն՝ իշխանությունները նախաձեռնել են սահմանադրական փոփոխությունների գործընթացը։

–Համաձայն գործող Սահմանադրության՝ այս իշխանությունը, նախագահը գնում են։ Սահմանադրական փոփոխությունների իմաստը վերարտադրությունն է։ Դա կապահովի հավերժ իշխանություն՝ առանց պատասխանատվության։ Ուզո՞ւմ եք այդպիսի իշխանություն, ուզո՞ւմ եք գործող իշխանության վերարտադրությունը,–ԲՀԿ–ական պատգամավորի հարցին գյումրեցիները միաձայն պատասխանել են՝ ո՜չ։

–Մենք դեմ ենք այդպիսի փոփոխություններին, որոնք բերելու են գործող իշխանության վերարտադրությանը։ Բայց ինչքան էլ ուզենք՝ մենք չենք կարող միայնակ դրա դեմն առնել։ Եթե ժողովուրդը չլինի մեր թիկունքում, մենք այդ հարցը միայնակ չենք կարողանա լուծել։ Լուծման գործընթացը սկսվելու է հոկտեմբերի 10–ին Երևանում՝ Ազատության հրապարակից։ Սահմանադրությունը չպիտի՛ փոխվի, արհեստական վերարտադրություն չպե՛տք է լինի, և դա կբերի իսկական իշխանափոխության,–ավելացրել է Ս. Մարգարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը