Լրահոս

08.10.2014 14:17


ԵՀՄՖ. «Լծվել հայրենիքն ազատելու գործին՝ միասնական ոչ ասելով ՀՀԿ–ական տեռորին»

ԵՀՄՖ. «Լծվել հայրենիքն ազատելու գործին՝ միասնական ոչ ասելով ՀՀԿ–ական տեռորին»

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ Նախագահության կոչն ի աջակցություն պառլամենտական ընդդիմադիր եռյակի

Սիրելի Հայրենակիցներ

Հայ Ազգի հանդեպ ներկա պատմական փուլում ծառացած են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք ժառանգություն ենք ստացել դեռ նախորդ դարերից և բազմաթիվ հայորդիներ այսօր լծված են դրանց վնասների վերացմանը, գալիք սերունդների իրազեկմանը պատմական անարդարությունների մասին, հայրենասիրական և հայապահպանման ծրագրերի իրագործման գործին Հայրենիքում և Սփյուռքում:

Միաժամանակ ԵՀՄՖ-ի Նախագահությունը գտնում է, որ այսօր վտանգված է Հայ Ժողովրդի գոյությունը սեփական երկրում, որն արտահայտվում է օր-օրի ահագնացող արտագաղթով, իսկ դրան որպես սնող աղբյուր է հանդիսանում ՀՀԿ-ական վարչախմբի կողմից վարվող համատարած անարդարության ու անպատժելիության, ցինիզմի ու ատելության մթնոլորտն իր իրավունքների համար պայքարող ՀՀ քաղաքացիների հանդեպ: Հետևաբար մարդիկ լքում են Հայրենիքը` գերադասելով ապրել և արարել այլ երկրների անարդարությունների պայմաններում, քան սեփական երկրում: Եվ այս ամենը տեղի է ունենում պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունում, որտեղ համատարած անարդարության հետ մեկտեղ կոռուպցիան վաղուց վերածվել է ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդրի` խժռում է ազգային ունեցվածքը, պաշարները` չխնայելով բնությունն և մարդկաց ու գալիք սերունդների առողջությունը:

Իսկ ՀՀ նախագահի սովորական դարձած անտակտ պահվածքը և կառավարության կադրային քաղաքականության վերջին խայտառակությունը` Սյունիքի մարզում հանցագործին բարձր պաշտոնում վերանշանակելը, փոքր և միջին բիզնեսին հարկային տեռորի ենթարկելը, տարբեր սոցիալական խմբերի հանդեպ անտարբերությունը և արհամարանքը ցինիզմի գագաթնակետն են, հետևաբար հիմք ընդունելով վերը նշված բարդագույն ճգնաժամային իրավիճակը Հայրենիքում, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը իր աջակցությունն է հայտնում Հայ Ազգային Կոնգրեսի, “Բարգավաճ Հայաստան” և “Ժառանգություն” կուսակցությունների կողմից սկիզբ դրած ամբողջական իշխանափոխության գործընթացին:

Այդ առթիվ կոչ ենք անում Հայրենիքի և Սփյուռքի հասարակական և քաղաքական գործիչներին, ազնիվ մտավորականներին մի կողմ թողնել տարատեսակ և տարաբնույթ հակադրությունները և միասնական լծվել ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ ձևավորելու խիստ անհրաժեշտ գործընթացին: Այն իրականություն դարձնելու համար ԵՀՄՖ-ի Նախագահությունն իր եվրոպական կառույցներով ու համակիրներով հանդերձ արդեն ձեռնարկել է այդ գործընթացը, հետևաբար պատրաստակամ է ընդունել հայ հանրության միասնականությանն ուղղված առաջարկներ և նպաստել նրանց կայացմանը:

Ըստ մեր պատկերացման ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏԻ մեջ պետք է օր առաջ համախմբվեն պառլամենտական ընդդիմադիր եռյակի հետ միասին ընդդիմադիր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները և շարժումները Հայրենիքում և Սփյուռքում, որոնք միասնական բռունցք դառնալով կիրականացնեն սրընթաց իշխանափոխություն և հոկտեբերի 10-ին հիմք կդնեն դեպի հաղթանակ տանող անդարձելի գործընթացին:

ԵՀՄՖ-ի Նախագահություն

Այս խորագրի վերջին նյութերը