Լրահոս

07.10.2014 15:36


ՀԱԷԿ-ում վերանորոգման աշխատանքները կտևեն 46 օր

ՀԱԷԿ-ում վերանորոգման աշխատանքները կտևեն 46 օր

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան և ծանոթացել կայանում իրականացվող տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների ընթացքին: ՀԱԷԿ-ում վերանորոգման աշխատանքները սկսվել էին սեպտեմբերի 27-ին և կտևեն 46 օր:

Նախարարի խոսքով՝ աշխատանքների կատարման համար կազմվել է ժամանակացույց և այսօր կայանի պրոֆիլակտիկ նորոգումն ընթանում է այդ ժամանակացույցի համաձայն: Աշխատանքների համար կպահանջվի մոտ 3 մլրդ դրամ, ինչն արդեն իսկ հաշվարկված է սակագնի մեջ, և այդ ծախսը որևէ ազդեցություն չի ունենա գործող սակագնի վրա:

-Ռեակտորը բացելուց հետո պարզվեց, որ անհրաԺեշտ կլինի իրականացնել լրացուցիչ աշխատանքներ ևս: Խոսքը շոգեգեներատորում կոմպոզիցիոն 2 կարաների /շովերի/ վերականգնման աշխատանքների մասին է, որը մենք կանխատեսում էինք, բայց չէինք նախատեսել,- շրջայցից հետո ասաց նախարար Երվանդ Զախարյանը: - Այդ աշխատանքը շատ կարևոր ու պատասխանատու աշխատանք է, ուստի մենք հրավիրել ենք համապատասխան մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից և Չեխիայից:

Նախարարի խոսքով արվում է հնարավոր ամեն ինչ, որ լրացուցիչ աշխատանքները չազդեն ժամկետի վրա և ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցին միանա ժամանակցույցի համաձայն՝ նոյեմբերի 11-ին:

Երվանդ Զախարյանը տեղեկացրեց նաև, որ ՌԴ-ից հրավիրվել է նաև գիտական խումբ, որն ուսումնասիրում է սարքավորումների տեխնիկական վիճակը: Նախնական գնահատականների համաձայն տեխնիկական վիճակի հետ կապված խնդիրներ չեն լինի: Ընդհանուր առմամբ ՀԱԷԿ-ի տարեկան պլանային նորոգման աշխատանքներում ներգրավված են մոտ 700 մասնագետներ, որոնցից 300-ը՝ հրավիրված են արտերկրից:

Ինչ վերաբերում է էներգամատակարարման ռեժիմներին, ապա նախարարը վստահեցրեց, որ, էներգամատակարարման հետ կապված խնդիրներ չկան ու չեն կարող լինել, քանի որ էլեկտրաէներգիայի անհրաժեշտ քանակությունն այս պահին վերցվում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկից:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը