Կարծիք

06.10.2014 16:34


Մերի Մովսիսյան. «Քաղաքականը բացառելով՝ ժողովուրդը զբաղվում է չգիտակցված մազոխիզմով»

Մերի Մովսիսյան. «Քաղաքականը բացառելով՝ ժողովուրդը զբաղվում է չգիտակցված մազոխիզմով»

Ինչպես արդեն նշել էինք, ո՛չ մի շարժում, ո՛չ մի ճնշման խումբ ի վիճակի չէ հասնելու որևէ զիջման իշխանության կողմից, եթե այն չի կրում հստակ քաղաքական պահանջ։ 3-4 օրն էլ անցավ։ Կանցնեն նաև շատ այլ օրեր Ֆիննախի պատերի տակ։ Մի խոսքով, ՓՄՁ–ն այդպես էլ ոչնչի չի հասնի։ Չի հասնի մի շատ պարզ պատճառով՝ այդ բողոքները ոչինչ չարժեն Կառավարության համար։

ՓՄՁ ներկայացուցիչներն առաջին իսկ օրվանից դուրս եկան նախապես ապաքաղաքականացված կոդավորմամբ (եզակի պայքարող քաղաքացիներ ակնարկեցին, որ քաղաքական պահանջներ կդնեն, եթե... սակայն շարժումները միշտ իրենց առաջնորդներն ունեն)։ Դա իշխանությունը դիտարկեց որպես իր համար դրական ինդիկատոր՝ ոչ մի վտանգ սեփական շահերին։
Երկրում առկա բոլոր շարժումների ողջ ողբերգությունն այն է, որ նրանք քաղաքական որոշումներին չեն հակադրում քաղաքական պահանջներ։

Առիթ ունենալով շփվելու երկրում տեղ գտած այնպիսի շարժումների ներկայացուցիչ–ակտիվիստների հետ, ինչպիսին «Դեմ եմ»–ն էր, ներկայում՝ «Կասեցումը»՝ եկա մի եզրակացության։ Բոլորը տաբու են դրել շարժումներում քաղաքական պահանջներ դնելուն, որը, մեծ հաշվով, տեղավորվում է իշխանական շահերի տիրույթում։ Հիմա դա չկայացած ժողովրդավարության, թե շարժումների ու ճնշման խմբերի չկայացածության հետևանք է, թե կասկածի տեղիք տվող փաստ՝ ժամանակը ցույց կտա։ Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ քաղաքականը բացառելով՝ ժողովուրդը զբաղվում է չգիտակցված մազոխիզմով։ Տանջում է ինքն իրեն, նյարդեր քայքայում, պայքարում անարդյունք, հետո համակերպվում իրականության հետ ու շարունակում «վայելել» իշխանության ամենաթողությունը։
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, հույս ունեմ, կնպաստի մեր քաղաքացիների քաղաքական գիտակցության «զարթոնքին», որից հետո նոր կարելի կլինի խոսել ժողովրդավարական հասարակության ձևավորման մասին։

Ժողովրդավարական անցումագիտության դասագրքային ճշմարտություն՝ քաղաքացիական և քաղաքական գիտակցության բարձր մակարդակի առկայությունը դեպի ժողովրդավարական համակարգ տանող ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը։
Հիասթափված փոքր և միջին ձեռներեցներին, տուն գնալու փոխարեն, խորհուրդ եմ տալիս գնալ Ազատության հրապարակ. հակառակ դեպքում իշխանությունները կշարունակեն իրենց որդեգրած նեոբոլշևիկյան կուրսի հերթական «բարեփոխումների» փուլը։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը