Քաղաքական

06.10.2014 13:25


Լևոն Զուրաբյան. «Հայաստանի իշխանությունները հայտնվել են դիվանագիտական մեկուսացման մեջ»

Լևոն Զուրաբյան. «Հայաստանի իշխանությունները հայտնվել են դիվանագիտական մեկուսացման մեջ»

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ամփոփել է ԵԽԽՎ վերջին նստաշրջանը՝ ընդգծելով, որ այն մի նոր խայտառակ իրողություն է ստեղծել հայկական կողմի համար։ Նա հայտնել է, որ «Բռնության սրացումը ԼՂՀ-ում և այլ բռնագրավված տարածքներում» անվանումով զեկույց է պատրաստվում, որի զեկուցողն է ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի Ռոբերտ Վալտերը։

Զուրաբյանն ընդգծել է, որ մինչ այս միջազգային որևէ փաստաթղթում ԼՂՀ-ն չի նշվել որպես Ադրբեջանից բռնագրավված տարածք, իսկ նման փաստաթղթի ի հայտ գալը, նրա համոզմամբ, վկայում է Հայաստանի դիվանագիտական պարտության մասին:

–Չունենք իշխանություն, որը կհամակարգի բոլոր օղակները, որն ընդունակ կլինի որոշումներ կայացնել։ Իսկ կայացված որոշումներն էլ դիվանագիտական առումով անգրագետ են լինում: Ձախողման և նվաստացման գագաթնակետը եղավ այդ զեկույցի քննարկումը: Հակառակ նախազգուշացումներին, որ պետք է աշխատանք տանել զեկույցի անվանման և զեկուցողի փոփոխման ուղղությամբ՝ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը քննարկումը վերածեց սկանդալի։ Պարզ է, որ Նաղդալյանը գործել է հայաստանյան իշխանությունների հրահանգով,-ասել է Լ. Զուրաբյանը:

Նա նման զեկույցի ի հայտ գալու պատճառներից է համարում միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերի թուլացումը և այլ երկրների աջակցությունը կորցնելը.

–Հայաստանի իշխանությունները բոլոր ուղղություններով դիվանագիտական կատարյալ անգրագիտություն են ցուցաբերում, բացակայում է որևէ մարտավարություն։ Հայաստանի իշխանությունները հայտնվել են դիվանագիտական մեկուսացման մեջ,–նշել է Լ. Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը