Քաղաքական

06.10.2014 12:51


Ջավախահայության պահանջը Վրաստանում գտնվող ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը

Ջավախահայության պահանջը Վրաստանում գտնվող ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը

Ջավախահայության ձայնն` ուղղված Վրաստանում գտնվող ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը

(հանձին պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ խոսնակ պարոն Գալուստ Սահակյանի)

Հարգելի պատվիրակություն,

Մեզ հուզող հարցերը շատ են, սակայն առաջնային և ամենահրատապ հարցերից մեկը վերաբերում է վրացական օրենքների փոփոխություններով սահմանված օտարերկրացիների կացության և կարգավիճակային հարցերին: Հայտնի է, որ սեպտեմբերի մեկից գործող նոր օրենքով ՀՀ (և մի շարք այլ երկրների) քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել վեցամսյա ժամկետում առավելագույնը 90 օր, այդպիսով նրանք տարվա մեջ կարող են մնալ Վրաստանում առավելագույնը 180 օր, այն էլ ոչ միաժամանակ, այլ իննսունօրյա ընդմիջմամբ:

Հարգելի պատվիրակություն,

Գաղտնիք չէ, որ բազմահազար ջավախահայեր դեպի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու համար հատկապես 2000-ական թթ. հետո հրաժարվել են Վրաստանի քաղաքացիությունից և ձեռք բերել ՀՀ կամ ՌԴ քաղաքացիություն: Մեծ թիվ են կազմում նաև այն ջավախահայերը, որոնք երկքաղաքացիության ինստիտուտի ի հայտ գալով՝ ՀՀ-ում ստացել են երկրորդ քաղաքացիություն, իրենց այդ երկրորդ անձնագիրը օգտագործել են ցամաքային ճանապարհով դեպի ՌԴ մեկնելու համար, դրանով, փաստորեն, բացահայտվել են Վրաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից և արագորեն զրկվել Վրաստանի քաղաքացիությունից: Արդյունքում՝ տասնյակ հազարավոր ջավախահայեր այժմ, կրելով այլ պետության անձնագիր, սեփական տանը հայտնվել են հյուրի կարգավիճակում:

Հարգելի պատվիրակություն,

Հայտնում ենք, որ վրացական իշխանությունների այն հավաստիացումները, թե այդպիսի կարգավիճակում գտնվող մարդիկ հեշտությամբ կստանան մշտական կացության իրավունք և կշարունակեն ապրել իրենց տներում, բոլորովին չի համապատասխանում իրականությանը, և հենց այստեղ է ողբերգությունը, որ բազմահազար ջավախահայեր, ստանալով կացության կարգավիճակի մասին դիմումի մերժում, հայտնվել են սեփական հարկի տակ ապրելու իրավունքից զրկվելու վտանգի առաջ:

Հարգելի պատվիրակություն,

Վերոնկարագրյալն առաջին հայացքից սովորական օրենսդրական փոփոխությամբ առաջացած դժվարություն չէ։ Այս փոփոխությունը քաղաքակիրթ ձևով տեղահանում է ջավախահայության մեծագույն հատվածին, քանի որ ընտանիքը, որի տղամարդը հեռանում է սեփական օջախից, պարզ է, որ այլևս չի կարողանալու ապահովել իր կենսագործունեությունը, իսկ այդպիսի ընտանիքներն արագորեն լքելու են իրենց բնակավայրերը:

Հարգելի պատվիրակություն,

Ոչ մի ջավախահայ, սեփական քմահաճությունից կամ այլ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չի հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից: Պատճառը պարզ է, և դա մեկն է. հանապազօրյա հացի խնդիրն է դա պարտադրել: Փոխարենը բազմահազար ջավախահայեր, այդ ճանապարհով աշխատելով արտերկրում, միլիոնավոր դոլարներ են բերել Վրաստան, որը խոշոր ներդրում է հանդիսացել տնտեսապես վատթար վիճակում գտնվող մեր երկրի համար: Այդպիսով՝ այլ երկրի անձնագիր ունեցող ջավախահայերը ոչ թե անվստահելի օտարերկրացիներ են (ինչպես դա ընկալում ենք մենք՝ ստանալով կացության կարգավիճակի մերժումներ), այլ Վրաստան պետության և երկրի տնտեսության իսկական նվիրյալ մարդիկ, որոնք այս պահին ևեթ պատրաստ են հետ վերականգնելու իրենց վրացական քաղաքացիությունը, եթե հնարավոր լինի առանց արտագնա աշխատանքի մեկնելու հայթայթել իրենց ապրուստը Վրաստանում:

Հարգելի պատվիրակություն,

Խնդրում և պահանջում ենք, որպեսզի մեր երկրի՝ Վրաստանի իշխանությունների հետ բանակցություններում հասնեք նրան, որ բոլոր ջավախահայերին անխտիր, անկախ իրենց քաղաքական հայացքներից, տարիքից կամ այլ տարբերանշաններից, տրվի կացության իրավունքի փաստաթուղթ, որով վերջիններս կշարունակեն ապրել և արարել իրենց հարազատ ընտանիքներում:

Մի խումբ ջավախահայ մտավորականներ,

ք. Ախալքալաք

Այս խորագրի վերջին նյութերը