Քաղաքական

04.10.2014 14:52


«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը հանրային քննարկում էր կազմակերպել

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը հանրային քննարկում էր կազմակերպել

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հանրային քննարկում էր կազմակերպել «Սահմանադրական փոփոխություններ. նոր մարտահրավեր» թեմայով։ Քննարկմանը մասնկացել են ՀԿ–ների, քաղաքացիական միավորումների ներկայացուցիչներ և փորձագետներ։

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը վստահ է, որ իշխանության կողմից սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են միմիայն մեկ նպատակով։

Հայաստանում քաղաքացի չի մնացել, որ չգիտակցի՝ սահմանադրական փոփոխությունները կատարվում են Սերժ Սարգսյանի վերարտադրության համար։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի Հյուսիսային Կորեա։ Հանրության մեջ սահմանադրական փոփոխությունների պահանջ չի ձևավորվել. դա ձևավորվել է Բաղրամյան 26–ում և հրամցվում է հանրությանը,–ասել է Ա. Գրիգորյանը։

Այն, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջ չկա, փաստում է նաև «APR Group» կազմակերպության կողմից անցկացված հետազոտությունը, որն անց է կացվել ողջ հանրապետության 1300 բնակչի և 36 փորձագետի շրջանում։

«APR Group» կազմակերպության նախագահ Ռուբեն Սարգսյանը հայտնել է, որ սահմանադրական փոփոխություններին բոլորովին չի վստահում բնակչության 48%–ը, լիովին վստահում է 3%–ը։ 60%–ն ասում է, որ սահմանադրական փոփոխությունների կարիքը չկա։

Փորձագետների տեսակետները, մեծ հաշվով, չեն տարբերվում բնակչության կարծիքից։

Հանրային քննարկմանը մասնակցող բանախոսները նշել են, որ իշխանության բարձրաձայնած այն բոլոր խնդիրները, որոնք ուզում են իբրև թե լուծել Սահմանադրություն փոխելով, իրականում կարելի է զուտ միայն ընտրական բարեփոխումների միջոցով կյանքի կոչել։

–Բոլոր խնդիրները լուծելի են առանց Սահմանադրությունը փոխելու, մասնավորապես՝ ընտրական համակարգի միջոցով։ Իսկ դրա համար շատ բան կարել է չանել, նույնիսկ «Ընտրական օրենսգիրքը» չպետք է փոխել. ընտությունները չպետք է հարմարեցնեն որոշակի սահմանների։ Համենայնդեպս, այսօր չկա քաղաքական ճգնաժամ,–մասնավորապես նշել է փաստաբան Տիգրան Եգորյանը՝ ընդգծելով, որ լեգիտիմ իշխանության բացակայության պայմաններում կառավարման որևէ մոդելի արդյունավետության քննարկումն անիմաստ է։

Սահմանադրական հանձնաժողովի շրջագայություններն էլ հանրապետության տարբեր մարզերում նա անվանել է հակաքարոզարշավ կամ, ավելի ճիշտ, գյուղարշավ, քանի որ որևէ հիմնավոր փաստարկ, որ այսօր Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, չի բերվել։

Անդրադառնալով գործող Սահմանադրությամբ իշխանության վերարտադրվելու հնարավորությանը՝ բանախոսներից «Ապելլա ինստիտուտ» վերլուծական կազմակերպության Սահմանադրական իրազեկման ծրագրի գիտական համակարգող Հովհաննես Գալստյանն էլ ընդգծել է, որ խորհրդարանական համակարգը կրկնակի անգամ հեշտացնելու է այդ վերարտադրությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը