Կարծիք

04.10.2014 13:57


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Սերժ Սարգսյանը «կրակել» է բոլոր «փամփուշտները» և մնացել լիսկաների հույսին

Քաղաքական պայքարի այս փուլում հոկտեմբերի 1-ը կարելի է համարել շրջադարձային կետ: Իշխանությունները երևանյան հանրահավաքից տաս օր առաջ խոստովանեցին, որ իրենց բոլոր «շուստրիությունները», թե այն ինչ անում են մեր ժողովրդի համար են անում՝ սպառվել են, և բացահայտ հայտարարեցին, որ ինչ սահմանադրություն էլ լինի՝ զոռբայությամբ վերարտադրվելու են, պետք լինի երկրորդ «մարտի 1» կսարքեն, գործատերերին կհրահանգեն հանրահավաքի մասնակիցնեին աշխատավայրից դուրս վռնդել, ճորտատիրական կարգեր կհաստանեն մարզերում:

Մի խոսքով, Սերժ Ազատիչի բոլոր բլեֆները այլևս բացահայտված են, ու նա ստիպված է խաղալ բաց խաղաքատերով: Ավելի ճիշտ՝ բացեր, թե ոչ՝ այլևս էական չէ, քանի որ թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս, բոլորը գիտեն, թե՛ նրա քարտերի զորությունը, թե՛ դրանց արդյունքում՝ «վերջին բոլշևիկի» անզորությունը:

2008-ի նախագահական խայտառակ ընտրությունների տակից դուրս գալու համար Սերժ Սարգսյանին հարկավոր էր Արևմուտքին հավաստիացնել, թե պատրաստ է առավելագույնս խորացնել ԵՄ-ի հետ մեր երկրի ինտեգրացիան և Թուրքիային հանձնվելու գնով վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որպեսզի աչք փակեին մեր մոտ տեղի ունեցած արյունալի դեպքերի վրա: Բայց մի քանի տարի հետո խաղաքարտերը բացվեցին Արևմուտքի առաջ, երբ տեսան, որ Սարգսյանը անցյալ տարի սեպտեմբերի 3-ին հակառակ հավաստիացումները ՌԴ նախագահին ներկայացրեց, թե իբր հայ ժողովուրդը մի գիշերվա մեջ մեկ մարդու նման լիազորել է՝ իրենց անունից Մաքսային միությանը միանալու հայտարարություն անել: Արդյունքում՝ Արևմուտքն իրեն «քցված» զգաց ու ոչ միայն Սարգսյանին, այլև, ցավոք, Հայաստանը համարեց անհուսալի գործընկեր:

Բայց այնպես չի, որ ՌԴ-ն էլ դռները մեր առաջ լայն բացեց: Ընդհակառակը. որոշեցին Հայաստանն ու նրա գործող նախագահին այն օրը գցել, ստորացնել ու հետդարձի ճանապարհները փակել, որպեսզի այլևս գնալու տեղ չունենանք:
Սարգսյանը լավ է հասկանում, որ Ռուսաստանը չի վստահում իրեն, և իր քծնանքը աթոռին մնալու երաշխիք չեն կարող լինել: Ստիպված Ազատիչը Վենետիկի հանձնաժողովի միջոցով փորձում է Արևմուտքի աչքին թոզ փչել, թե սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է ավելի ժողովրդավար երկիր ունենալու համար, որպեսզի իրենից հույսները վերջանականապես չկտրեն: Բայց, երբ այստեղ բարձրացված աղմուկից Արևմուտքի համար էլ բացահայտվեց, որ սահմանադրական փոփոխությունները միայն «վերջին բոշևիկի» վերարտադրության համար են, ուստի հասկացրեցին, որ չեն կարող աջակցել այդ նախաձեռնությանը, եթե երկրում չլինի քաղաքական լայն համաձայնություն, ազդեցիկ ոչիշխանական ուժերի աջակցություն: Դե դրսում բացահայտվելուց հետո Ազատիչը փորձեց երկրի ներսում քաղաքական ուժերին համոզելով ու գայթակղելով իր կողմը քաշել, բայց այնպիսի աննշան աջակցություն ստացավ ու ի հակադրություն դրան՝ այնպիսի կոշտ ու համախմբված հակահարված, որ տեսավ՝ դա էլ արդյունք չտվեց, ուստի հիմա էլ մեր առաջ է խաղաքարտերը բացել, բացահայտել մտադրությունը՝ ամեն գնով վերարտադրվել, միջոցների առաջ կանգ չառնելով:

Նրա այս հուսահատ քայլի մեջ, սակայն, կա նաև դրական բան: Սարգսյանը ստիպված մարտի է նետել հասարակության համար ամենաատելիներին, որպեսզի նրանք իրենց կոշտ ու կոպիտ մեթոդների շնորհիվ նրա վերարտադրությունն ապահովեն: Իսկ այս պարագայում հասարակությունը լավ է հասկանում, որ եթե չհամախմբվի ու սրանց բոլորին միասին դուրս չշպրտի, ապա երկիրն անորոշ ժամանակով կհայտնվի հանցագործ աշխարհի ներկայացուցիչների, թաղային հեղինակությունների, ու նմանատիպ «էկզոտիկ» կերպարների ձեռքում՝ որպես Սարգսյանի վերարտադրության փոխհատուցում:

Դե ինչ. ավելի համոզիչ դրդապատճառ՝ հոկտեմբերի 10-ին հավաքվելու, մի բռնուցք դառնալու՝ հազիվ թե գտնեինք, քան իշխանությունների այս կացնային քաղաքականությանը հակազդելու վճռականությունը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1480725098865939&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը