Լրահոս

03.10.2014 15:10


Ռայներ Մորել. «ԵՄ–ն սպասում է, որ Հայաստանը պարզաբանի՝ ինչպես է ուզում, կամ կարո՞ղ է շարժվել առաջ»

Ռայներ Մորել. «ԵՄ–ն սպասում է, որ Հայաստանը պարզաբանի՝ ինչպես է ուզում, կամ կարո՞ղ է շարժվել առաջ»

Այսօրվա ասուլիսին Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելն անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ–ին անդամակցությանը՝ նշել է, որ Հայաստանի և ԵՄ հետագա համագործակցությունը պարզ կդառնա հոկտեմբերի 10-ից հետո, երբ Մինսկում հանդիպումն արդեն կայացած կլինի։

Դեսպան Մորելը, մասնավորապես, նշել է. «Երկու կողմերն էլ երկխոսության մեջ են, և այդ երկխոսությունը չի ընդհատվել, թեև շփումները նախկինի նման հարուստ չեն եղել, այսինքն՝ ինչպես ասոցացման համաձայնագրի մշակման ժամանակ... Այնպես որ, երկխոսությունը շարունակվում է, և մոտ ապագայում՝ նոյեմբերին, Բրյուսելում նախատեսված է հանդիպում ԵՄ և հայկական պատվիրակության միջև: Կշարունակվեն բանակցությունները, կհստակեցվեն որոշ հարցեր, մանավանդ Մինսկում արդեն կայացած հանդիպումից հետո, երբ Հայաստանը հնարավոր է՝ արդեն անդամակցած լինի Մաքսային միությանը: Եվ եթե արդեն Մինսկում այդ փաստաթուղթը ստորագրված լինի, նոյեմբերին պարզ կլինեն ԵՄ–ի և Հայաստանի հետագա գործակցության ուղենիշները»։

Դեսպանը նշել է նաև, որ ԵՄ–ն Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված՝ սպասում է մեր պատասխանին. «Այսինքն, ԵՄ–ն սպասում է, որ Հայաստանը պարզաբանի, թե ինչպես է ուզում, կամ կարո՞ղ է շարժվել առաջ, և միայն դրանից հետո կարելի է ընդհանուր և կրկին խոսել այն հարցերի շուրջ, թե ինչպես կարելի է այդ հարաբերությունները դնել որոշակի ձևաչափի մեջ»։

Այս խորագրի վերջին նյութերը