Լրահոս

02.10.2014 17:40


Ջրամատակարարման միջին տեւողությունը Երևանում՝ 23 ժամ

Ջրամատակարարման միջին տեւողությունը Երևանում՝ 23 ժամ

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության հերթական՝ 8-րդ տարվա աուդիտի արդյունքների շնորհանդեսը: Ըստ աուդիտորի՝ “Ուոթը Սըփլայ Սըրվիսիզ Քընսալթինգ”՝ Դանիա և «ԱՎԱԳ Սոլյուշնս”՝ Հայաստան, ընկերությունն իր սպասարկման տարածքում ապահովել է միջինը 95,9%, կամ 23,0 ժամ ջրամատակարարման տևողություն, որը 4,4%-ով կամ 1 ժամով ավել է հաշվետու ժամանակամիջոցի համար նախատեսվածից (91,5% կամ 22 ժամ) և անգամ գերազանցում է 10-րդ տարվա նախատեսված ցուցանիշը՝ 95,0% կամ 22,8 ժամ:

Աուդիտորը նշում է, որ ջրամատակարարման բարելավումը տեղի է ունեցել մեծամասամբ համեմատաբար կարճ տևողությամբ ծառայություն ստացող բաժանորդների խմբերի համար: Բաժանորդների մեծ մասի կարիքները կարելի է բավարարված համարել, եթե ջրամատակարարումը կազմի 17-18 ժամ՝ 7.00-24.00-ն ընկած ժամանակամիջոցում, - ասվում է հաշվետվության մեջ: Ներկայումս նման ջրամատակարարում ունի բաժանորդների ավելի քան 96%-ը: Ընդ որում, ընտրանքային ստուգմամբ պարզվել է, որ գործող ժամանակացույցի համապատասխանությունը պաշտոնապես հրապարակվածին կազմում է 97%, ի տարբերություն 7-րդ տարվա 84,8%-ի: Ըստ Աուդիտորի՝ դա լավ ցուցանիշ է:

Ջրամատակարարման բարելավումը առաջին հերթին արդյունք է բաշխիչ ցանցի կառավարելիության հետագա բարձրացման, իրականացված նոր շինարարական ծրագրերի և վերանորոգման աշխատանքները սահմանված ժամկետներում կատարելու: Այսպես, հաշվետու տարում, մասնավորապես, վերացվել է ջրագծի 6,768 վթար, շահագործումից հանվել է վթարված 29,750 մետր ջրագիծ, որից 3,280 մետրը փոխարինվել է նորով, կառուցվել է 5,000 մետր նոր ջրագիծ, սահմանազատման կետ է տեղափոխվել 547 ջրաչափ, փոխարինվել է 100-ից ավելի փական:

Այս ամենի շնորհիվ հոսակորուստները համակարգում նվազել են 12 մլն մ3-ով: Դա էլ, իր հերթին, թույլ է տվել կրճատվել ջրի արտադրությունը 10,3 մլն մ3-ով: Ընդամենը անցած 8 տարիներին այդ ցուցանիշը կազմել է 68մլն մ3 (2006թ.՝ 358,2մլն մ3, 2013թ.՝ 290,2 մլն մ3): Փաստորեն, տնտեսումը ելակետային տարվա նկատմամբ 19% է, ինչը զգալի նվաճում է: Հիմնականում դրա շնորհիվ համակարգում էլեկտրաէներգիայի սպառումն անցած տարի նույնպես կրճատվել է՝ 6,0 մլն կՎտժ-ով, իսկ պայմանագրի սկզբից՝ 91,7 մլն կՎտժ (2006թ.՝ 119,4 մլն կՎտժ, 2013թ.՝ 27,7 մլն կՎտժ):

Առաջընթացին նպաստել է նաև ջրի վաճառքի կարգավորումն ու ապօրինությունների դեմ պայքարը: Այսպես՝ հաշվետու տարում հայտնաբերվել է ջրօգտագործման կանոնների 5,348 խախտում, այդ թվում՝ 1,462 ապօրինի ջրագիծ: Փաստացի ջուր սպառող 330,012 բաժանորդներից միայն 2,060-ը դեռ չի տեղադրել ջրաչափ: Բաժանորդների քանակն իր հերթին ավելացել է 3,102-ով եւ կազմել 356,196: Այս ամենի շնորհիվ 1,7 մլն մ3 ավելացել է ջրի վաճառքը, իսկ 1-8 տարիներին՝ մոտ 5,4 մլն մ3-ով (2006թ.՝ 59 մլն մ3, 2013թ.՝ 64,4 մլն մ3), ինչը եկամուտների աճի է բերել: 2013թ. տվյալներով, «Երևան Ջուր»-ը դարձել է հանրապետությունում 43-րդ խոշոր հարկատուն՝ վճարումների 2,5 մլրդ դրամ գումարով: Եվս 470 մլն դրամ է կազմել վարձակալության վճարը: Ֆինանսական հոսքերի ավելացումն ու ծախսերի կրճատումն իր հերթին թույլ է տվել ապահովել 1,860 մլրդ դրամի ներդրում (առանց ԱԱՀ-ի): Ընդհանուր առմամբ անցած 8 տարիներին ներդրումների ծավալը կազմել է 9,223 մլրդ դրամ, ինչը նվազագույն պայմանագրային մակարդակն արդեն իսկ գերազանցում է մոտ 2,8 մլրդ դրամով:

Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա այն մշտապես ստուգվում է 106 կետում: 8-րդ տարում ջրի որակի լաբորատորիայի կողմից ընդհանուր առմամբ վերցվել է 18,130 նմուշ: Ստուգման արդյունքում ջրի որակի շեղումներ չեն հայտնաբերվել (7-րդ տարվա տվյալներն են՝ 17,838 նմուշ եւ 0,68% շեղում): Մինչդեռ գործող օրենսդրությամբ թույլատրելի է մինչև 5% շեղումը:

Բոլոր այն ցուցանիշներով, որոնց թերացման դեպքում վարձակալության պայմանագրով նախատեսվում են տուգանքներ, ըստ Աուդիտորի, գործունեության 8-րդ տարվա պարտավորությունները «Երեւան Ջրի» կողմից կատարված են:

Դրանք են.

  • Ջրամատակարարման շարունակականություն
  • Ջրի որակ
  • Բաժանորդների սպասարկում
  • Հաշվետվությունների ներկայացում
  • Ծրագրերի իրականացման ուշացում

Միաժամանակ, Աուդիտորը ներկայացրել է առաջարկություններ եւ դիտողություններ, որոնց նպատակն է գործունեության 9-րդ տարում «Երևան Ջուր» ՓԲԸ-ի ծրագրերը տեսնել ավելի հավակնոտ, իսկ ձեռքբերումներն ավելի զգալի:

Հանրային կապերի ծառայություն «Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը