Տնտեսական

02.10.2014 15:15


Հովիկ Աբրահանյանը երեք–չորս օր է խնդրել. ՓՄՁ–ն շարունակելու է պայքարը

Հովիկ Աբրահանյանը երեք–չորս օր է խնդրել. ՓՄՁ–ն շարունակելու է պայքարը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր փոքր և միջին ձեռներեցները գտնվում էին ՀՀ կառավարության շենքի դիմաց և պահանջում կասեցնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը։

ՓՄՁ ներկայացուցիչներից բաղկացած երկու-երեք (մինչ այդ նշվել էր, որ պետք է 5–հոգանոց պատվիրակություն լինի) հոգանոց պատվիրակությանն ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ցուցարարների շրջանում որոշակի բողոքի ալիք է բարձրացել, թե ինչու այլ տոնավաճառների՝ հարցին տիրապետող ներկայացուցիչներին չեն ներգրավել պատվիրակության կազմում։

Վարչապետի հետ հանդիպումից հետո «Կասեցո՛ւմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սամսոն Գրիգորյանը քաղաքացիներին հայտնել է, որ վարչապետը երեք-չորս օր է խնդրել հարցը դիտարկելու նպատակով.

«Վարչապետին ներկայացրեցինք մեր խնդիրը, ընդունեց մեր առաջարկները, գրավոր առաջարկներ ներկայացրինք. երեք-չորս օրվա մեջ վարչապետն ուսումնասիրելու է մեր տված բոլոր կետերը։ Հետաքրքրված էր ու շատ բաներից՝ շատ զարմացած։ Երեք–չորս օրվա մեջ բոլորը նայելու են, որոշում են կայացնելու, մեզ տեղյակ են պահելու ու աշխատելու են այս խնդրով մեզ հետ...»։

ՓՄՁ մյուս ներկայացուցիչները պահանջում էին ասել, թե ինչ են ներկայացրել պատվիրակները վարչապետին։ Դրան ի պատասխան՝ հնչել է. «Հիմա մենք այստեղից Ձեզ չենք կարող ասել՝ ինչ պահանջեցինք...»։

Վարչապետը պատվիրակների խնդրանքին՝ հանել գույքագրումը, պատասխանել է, որ չի կարող օրենքում ամրագրված դրույթ հանել. «Մենք ո՞վ ենք, որ օրենքի դրույթ հանենք...»։

Սամսոն Գրիգորյանը փոխանցել է նաև, որ «մինչ դեկտեմբերի 31-ը վարչապետը երաշխավորել է, որ ոչ մեկին ոչ մի նեղություն չեն տա։

«Մինչ այդ արդեն մեզանից, ինձանից, ձեզանից հասնում է, որ մի բան անենք՝ էս ամեն ինչը փոխվի...», – ասել է ցուցարարը՝ հավելով, որ նման գլոբալ խնդիր մեկ օրում չի լուծվում. եթե մեկ–երկու ցույցով հարց լուծվեր, ապա «երկիրը Շվեյցարիա էր դարձել»։

Մինչ Սամսոն Գրիգորյանը հաղորդում էր քննարկման արդյունքները, ՓՄՁ ներկայացուցիչների շրջանում դժգոհություն էր հասունանում Կառավարության որոշումից։ Չստանալով հստակ պատասխաններ՝ քաղաքացիները որոշում կայացրեցին նորից գալ Կառավարության շենքի մոտ հաջորդ երեքշաբթի՝ ժամը 10։00-ին։

«7օր»–ի հարցին՝ բավարարվա՞ծ են Կառավարության պատասխանից, քաղաքացիները հիասթափված պատասխանել են՝ ո՛չ։

–Ինչի՞ մասին է խոսքն ընդհանրապես. պատասխան չի՛, ոնց որ քամին օդի մեջ պտտվի, – նշել է մի կին։

Մեր թղթակցի հարցին՝ կսպասե՞ն ևս երեք–չորս օր, բողոքող քաղաքացին պատասխանել է. «Տասնչորս օր էլ. ավելի լավ է՝ չաշխատենք, այստեղ կանգնենք»։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ խմբակցությունների և Կառավարության ներկայացուցիչների քննարկումները «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի վերաբերյալ մտել են փակուղի։

ՓՄՁ–ի խնդիրը շարունակում է մնալ օդից կախված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը