Կարծիք

02.10.2014 13:49


Արմեն Միքայելյան

Արմեն Միքայելյան

Երեկ Ազգային ժողովում Հովիկ Աբրահամյանի ունեցած ելույթը մի քանի կարևոր հանգամանք ի հայտ բերեց: Աբրահամյանն անկեղծ չի հասկանում, թե ինչու են ՓՄՁ-ների ներկայացուցիչները բողոքում նոր օրենքի դեմ: Որպեսզի այսօր Հովիկ Աբրահամյանը հասկանար այդ խնդիրը, նա պետք է ժամանակին քաղաքական գնահատական տար իր նախորդի` Տիգրան Սարգսյանի գործունեությանը: Եթե Աբրահամյանը դա աներ, ապա նա կհասկանար, որ երկրի տնտեսությունն ուղղակի աղետալի վիճակում է, և այսօր փոքր ու միջին բիզնեսը, մեծ հաշվով այլևս ոչ թե բիզնես է, այլ ընդամենը տունը պահելու, ծայրը ծայրին հասցնելու միջոց: Եվ սա միանշանակ հետևանքն է այն քաղաքականության, որը 5 տարի շարունակ վարել է նախորդ Կառավարությունը` Բաղրամյան 26-ի հետ համատեղ:

Ծանր վիճակում գտնվող ՓՄՁ-ների ներկայացուցիչներին պետք է ընդհանրապես հարկային արձակուրդ տրվի: Միայն այս լուծումն է, որ այսօր կգոհացնի թե ՓՄՁ ներկայացուցիչներին, և թե կնպաստի, որ տնտեսության այս ճյուղը գոնե մի փոքր ազատ շնչի:

Այն հարկատեսակը, որը շրջանառության մեջ է դրել Կառավարությունը, պետք է գործի դրվի միայն զարգացած երկրում, որտեղ կա հստակ կայացած միջին խավ, կայացած փոքր բիզնեսի դաշտ և կայացած միջին բիզնես, որը ձգտում է դառնալ խոշոր: Այս իրավիճակում է միայն, որ անհրաժեշտ է փաստաթղթավորում մտցնել, տուգանքների ճկուն համակարգ ստեղծել, որպեսզի բոլորը հավասար պայմաններում լինեն, և բիզնեսների համար էլ ավելի ձեռնտու կլինի «մաքուր» աշխատել:

Այս պարզ ճշմարտությունը Հովիկ Աբրահամյանը չի կարողանում ընկալել այն պատճառով, որ նա քաղաքական գնահատական չի տալիս Տիգրան Սարգսյանի գործունեությանը, ինչն էլ նշանակում է, որ նա կարող է գնալ Տիգրան Սարգսյանի ճանապարհով: Բայց Աբրահամյանի և Սարգսյանի տարբերությունը կլինի այն, որ ի տարբերություն Տիգրան Սարգսյանի՝ նա չի ստանա դեսպանի պաշտոն, այլ Բաղրամյան 26-ի կողմից ուղղակի կպատժվի, և շատ խիստ կպատժվի:

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը