Լրահոս

02.10.2014 13:41


Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Այսօր ԵԽԽՎ-ն հրատապ կարգով քննարկել է «Մարդկության դեմ սպառնալիքը՝ առաջացած «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից. բռնությունը քրիստոնեաների, ինչպես նաեւ կրոնական ու էթնիկ այլ համայնքների հանդեպ» թեմայով զեկույցը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հյուսիսային Իրաքում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմց եզդիների հանդեպ իրականացվող ցեղասպանության մասին՝ կոչ անելով միջազգային հանրությանը կանգնեցնել 21-րդ դարի նորագույն ցեղասպանությունը.՝ «Պիտի անել հնարավորը՝ այս անմարդկային ցեղասպանությունը կանգենցնելու, սովի մատնված փախստականներին օգնելու համար։ 100 տարի առաջ տեղի ունեցավ հայ ժողովրդի ցեղասպանությունը, եւ ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում միջազգային հանրության լռությունն ու անգործությունը»,- ասել է ԲՀԿ պատգամավորը։

Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես ասել է՝

Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ

«Այն, ինչ կատարվում է այսօր Հյուսիսային Իրաքում, այլ կերպ, քան ցեղասպանություն՝ բնորոշել հնարավոր չէ։ Անգամ ամենազարհուրելի երազում հնարավոր չէր պատկերացնել, որ 21-րդ դարում հնարավոր են նման վայրագություններ։ «Իսլամիստական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորումը Իրաքի հյուսիսում իրական ցեղասպանություն է իրականացնում. հողին են հավասարեցվում եզդիների եւ քրդերի տները, գնդակահարվում, մորթվում են բոլոր այն եզդիները, ովքեր չեն համաձայնում կրոնափոխ լինել։ Ծայրահեղականների կարգախոսն է՝ «Իսլամ, կամ մահ»։ Հայտնի են հարյուրավոր դեպքեր, երբ երեխաներին ողջ-ողջ թաղել են մոր աչքի առաջ, իսկ մայրերին բռնաբարել ու սպանել երեխաների աչքի առաջ։ Հազարավոր եզդիների, հատկապես կանանց ու երեխաների, անարգելուց հետո, վաճառում են որպես ստրուկ։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ «Իսլամիստական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից անարգանքի ենթարկված կանայք, վերադառնալով Սինջար լեռան վրա գտնվող փախստականների ճամբարը, իրենց հայրենակիցներին խնդրել են սպանել իրենց։ Ու երբ վերջիններս հրաժարվել են, աղջիկներն ինքնասպանություն են գործել՝ նետվելով ժայռից։ Հազարավոր եզդի փախստականներ մահանում են սովից եւ ջրի պակասից։ Այս ամենը զարհուրելի է եւ այս ամենը տեղի է ունենում այսօր, ողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ։ Ինչպիսի՞ հրեշ պետք է լինել՝ մանկահասակ երեխաների ողջ-ողջ թաղելու համար։ Ինչպիսի՞ հրեշ պետք է լինել՝ իր մասնագիտական պարտականությունը կատարող ամերիկացի լրագրողին հրապարակային գլխատելու համար։

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, «Իսլամական պետության» ծայրահեղականները ականապատել ու պայթեցրել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի՝ Սիրիայի Դեր Զորի Սուրբ Նահատակաց հայկական եկեղեցին։

Ինձ համար, որպես հայի, այսօր այս ամենի մասին խոսելը կրկնակի ցավ է, որովհետեւ հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իմ 1.5 միլիոն հայրենակիցներ տեղահանվեցին ու ենթարկվեցին ցեղասպանության։ 100 տարի առաջ նույն կերպ օսմանական հրեշները ողջ-ողջ թաղում էին երեխաների ու հղի կանանց, սպանում, ավիրում եւ թալանում։ Մենք պիտի թույլ չտանք, որպեսզի պատմությունը կրկնվի։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բացի դատապարտող հայտարարություններից, հստակ քայլեր ձեռնարկվեն պատժելու ահաբեկիչ իսլամիստներին ու նրանց հովանավոր երկրներին, որոնք հետեւողականորեն շարունակում են զենք ու գումար մատակարարել ահաբեկիչներին։ Պիտի անել հնարավորը՝ այս անմարդկային ցեղասպանությունը կանգենցնելու, սովի մատնված փախստականներին օգնելու համար։ 100 տարի առաջ տեղի ունեցավ հայ ժողովրդի ցեղասպանությունը եւ ես շատ լավ գիտեմ, թե ի՞նչ է նշանակում միջազգային հանրության լռությունն ու անգործությունը»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։

Այս խորագրի վերջին նյութերը