Լրահոս

02.10.2014 10:38


ՀայՖեստ փառատոնին Բրիտանական խորհուրդը ներկայացնում է երեք ծրագիր

ՀայՖեստ փառատոնին Բրիտանական խորհուրդը ներկայացնում է երեք ծրագիր

Փառատոնային գրեթե բոլոր օրերին Բրիտանական խորհուրդը ներկայանում է նոր ծրագրերով: Փառատոնին ելույթ կունենա բրիտանական «Living Pictures» ընկերությունը «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացմամբ, «Պար առանց սահմանների» ծրագրի շրջանակում կներկայացվի «Մի լքիր ինձ» ներառական պարային բեմադրությունը, իսկ Շեքսպիրի սիրահարների համար կցուցադրվի «Ջոն արքա» ներկայացման տեսագրությունը:

Հոկտեմբերի 2-ից 8-ը Պետական տիկնիկային թատրոնում կցուցադրվի «Ջոն արքա» ներկայացման տեսագրությունը: Այս բեմադրությունը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Գլոբ թատրոնում ներկայացրել է 2012 թվականին «Globe to Globe» փառատոնի շրջանակում: Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերին զուգահեռ Շեքսպիրյան Գլոբ թատրոնը կազմակերպել էր «Globe to Globe» փառատոնը, որին մասնակցում էին օլիմպիական խաղերին մասնակից երկրների ազգային թատրոնները: Հայաստանը ներկայացնում էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը:

Հոկտեմբերի 3-5 Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնում կներկայացվի «Մի լքիր ինձ» պարային ներառական բեմադրությունը: Այս ներկայացումն ստեղծվել է «Պար առանց սահմանների» ծրագրի շրջանակում: Հանրահայտ Ne Me Quitte Pas երգի տարբեր մեկնաբանությունների ներքո ներկայացվելու են փոքրիկ պատմություններ: Ներկայացմանն ընդգրկված ութ պարողներից չորսը հաշմանդամություն ունեցող դերասաններ են, իսկ մյուս չորսը՝ պրոֆեսիոնալ պարողներ:

Հոկտեմբերի 6-ին և 7-ին Երևանի պետական կամերային թատրոնում Բրիտանական «Living Pictures» ընկերությունը ներկայացնում է «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացումը, որը հիմնված է Նիկոլայ Գոգոլի համանուն ստեղծագործության վրա: Մոնոներկայացումը բեմադրել է Շինեյդ Ռուշը, իսկ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» վիպակի հերոսին` Պոպրիշչին մարմնավորել է Ռոբերտ Բոումենը: Նրա հերոսը 40-ը բոլորած համեստ քաղծառայող է, ում կյանքում մի օր սկսում են տարօրինակ դեպքեր տեղի ունենալ:

«Ռոբերտ Բոումենը կատարելապես ներկայացնում է զգացմունքների տարաբնույթ դրսևորումներ: Նրա խաղին հետևելով`առավել ու առավել խորասուզվում ես ֆանտաստիկայի աշխարհում», - գրել է Western Mail-ը:

«Living Pictures» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին էլեն և Ռոբերտ Բոումենների կողմից` նպատակ ունենալով գտնել և ներկայացնել թատերական արվեստի նոր արտահայտչամիջոցներ:

Այս խորագրի վերջին նյութերը