Քաղաքական

02.10.2014 09:41


ՓՄՁ ներկայացուցիչներ. «Անպայման. իշխանափոխության հարց պետք է բարձրացնենք»

ՓՄՁ  ներկայացուցիչներ. «Անպայման. իշխանափոխության հարց պետք է բարձրացնենք»

Այսօր ՓՄՁ ներկայացուցիչները հավաքվելու են ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ շարունակելով պահանջել «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցումը: Ոլորտում ներգրավված տնտեսվարողներն ընդգծում են, որ հարկի գործածությունից կտուժեն բոլորը։

«Մենք ունենք մեծ հայոց բանակ, որ ապրում է մեզանով: Վնասը կլինի ամբողջ հանրապետությանը, բնականաբար: Հիմնական բյուջեն լցնողը մենք ենք եղել... Պետք է երկիրը զարգանա, իսկ իրենք ուզում են այնպես անել, որ բոլորը մնան գործազուրկ, որ երկիրը թողնեն գնան, ով էլ ստեղ մնա՝ սովի կմատնվի: Սա է դրանց ուզածը»,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Ոսկու շուկայի ՓՄՁ ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է օրենքով պահանջվող փաստաթղթաշրջանառությանը, տնտեսվարողները նշել են, որ ի վիճակի չեն այդքան ահռելի հաշվետվություններ կատարել, հաշվապահ վարձել և այլն, որը մարդկանց եկամուտները զրոյացնող ծախս է: Նրանք նաև նշել են, որ իշխանությունը շատ լավ գիտի, թե ով է ստվերի տակ։

«Եթե նրանք թղթաբանություն են ուզում անել, ապա շատ լավ գիտեն, թե ովքեր են ստվերում։ Թող գնան, նրանց ստվերից հանեն։ Հետո նոր քիչ-քիչ հասնեն դրան... Տարիներ են պետք, որ հասնեն արդեն մեզ՝ փոքր բիզնեսին», - նշել է տնտեսվարողներից մեկը, և հավելել, որ թղթի տրամադրումը բացառում է իրենց առօրյա աշխատանքը, քանզի ամբողջ օրը պետք է զբաղված լինեն թղթերի հետևից «վազվզելով»:

ՓՄՁ ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել նաև Կառավարությունից, որի ներկայացուցիչը ՓՄՁ-ին փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդրի վերաբերյալ ասել է, թե՝ «ոչինչ, հարկայինը կգա, կնստի ձեր կողքը»։

«Հարկայինը ի՞նչ իրավունք ունի՝ գա նստի իմ կողքը...», - զայրացած հարցադրել է քաղաքացին:

ՓՄՁ ներկայացուցիչները նշել են, որ հարկերից չեն խուսափում, և 3.5 %-ը միշտ էլ վճարել են, սակայն այս նոր օրենքով, որը գույքագրում է ենթադրում, անհնար է աշխատել:

«7օր»-ի թղթակցի այն հարցին, թե ՓՄՁ ներկայացուցիչները մասնակցելո՞ւ են հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրաքվեին, հետևել են այս կարգի պատասխաններ. «Եթե հարցին լուծում չտան, արդեն վերջն է: Մարդիկ իրենց երեխայի օրվա հացը լուծելու համար ամեն ինչ էլ կանեն», «Անպայման. իշխանափոխության հարց պետք է բարձրացնենք», «Տարին տարվա վրա վատացնում են, տարին տարվա վրա հացներս կտրում են, բոլորիս ուզում են՝ մուրացկան դարձնեն, ես միայն դա եմ տեսնում», «Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց թող մեզ չդրդեն նրան, որ սկսենք քաղաքականությամբ զբաղվել»...

Քաղաքացիները բարձրացրել են նաև ՀԴՄ սարքերի հարցը, որը նրանց ստիպում են գնել անկախ նրանից՝ սարքը դեռևս պիտանի՞ է շահագործման, թե՞ ոչ, նշելով, որ նոր սարքը 120 հազար ՀՀ դրամ արժե:

ՓՄՁ ներկայացուցիչներից մեկն էլ հայտնել է, որ երկրում չի գործում սեփականության իրավունքը. «Այո, իմ սեփականության իրավունքը խախտվել է...»:

Ցուցարարները շեշտել են նաև, որ օրենքը խթանում է արտագաղթը, սակայն նրանք ցանկանում են մնալ սեփական երկրում ու պայքարել: Ինչո՞ւ իրե՛նք պետք է ստիպված լինեն հեռանալ երկրից, եթե նման ցանկություն չկա, ինչո՞ւ պետք է չկարողանան սեփական երկրում արժանավայել ապրել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը