Հարցազրույց

15.09.2009 20:20


Վահան Հովհաննիսյան.

Վահան Հովհաննիսյան.

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հետ

-Պարո՛ն Հովհաննիսյան,  Ձեր կարծիքով հայ–թուրքական արձանագրություններում հատկապես ո՞ր կետերը պետք է փոխվեն։

–Մենք արդեն ներկայացրել ենք, թե որ կետերը պետք է փոխվեն։ Դա արված է փաստաթղթային ձևով և բացատրություններով։ Դրանք վերաբերում են ընդհանուր սահմանին, ինչպես նաև մեկ կետ ավելացնելուն։ Այսինքն, եթե նշվում են տարբեր միջազգային նորմեր՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն, ապա պետք է նշվի նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ինչ վերաբերում է սահմանին, ապա մենք դեմ ենք, որ այնտեղ նշված լինեն ինչ-որ անհայտ երկկողմ պայմանագրեր, որովհետև դա ակնհայտորեն ակնարկ է Կարսի պայմանագրին։ Եվ, իհարկե, կարևորագույն հարցերից է պատմական հարթության վրա աշխատող ենթահանձնաժողովը, որը համարում ենք անընդունելի։ Մենք դեմ չենք երկխոսությանը և հարաբերությունների բարելավմանը, սակայն ոչ պատմական հարթության վրա։ Ի վերջո, ի՞նչ հարց պետք է քննարկվի։ Այդ ի՞նչ պատմական բարդություն ենք ունեցել։ Իհա՛րկե դա Ցեղասպանությունն է։ Իսկ Ցեղասպանության հարցը մեզ համար այսօր ոչ թե պատմական, այլ քաղաքական հարց է, և դա ամրագրված է նաև ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում։

-Մինչ Թուրքիա Սերժ Սարգսյանի այցը սպասվում է նաև Սարգսյան-Ալիև հանդիպումը։ Ի՞նչ եք կարծում՝ որևէ փաստաթուղթ այդ հանդիպման ժամանակ կստորագրվի՞։

-Չեմ կարծում, որ որևէ փաստաթուղթ կստորագրվի։

-Ադրբեջանն ու Թուրքիան գործում են երկու ճակատով, իսկ մենք դիվանագիտական բազում ձախողումներ ենք արձանագրում։ Ինչի՞ արդյունք է սա։

-Հենց այդ վտանգների մասին ենք խոսում մենք մեր ցույցերով։ Վտանգները հետևյալն են։ Մենք կարող ենք ամբողջությամբ դադարել ինքնուրույն քաղաքական գործոն լինելուց և այլևս ընդմիշտ ենթարկվենք թուրք-ադրբեջանական պահանջներին, ինչը կբերի անկանխատեսելի հետևանքների։

-Չե՞ք կարծում, որ արձանագրությունների շուրջ տեղի ունեցող քննարկումներն արհեստական բնույթ են կրում։

-Կարծում եմ, որ քննարկումներ ընդհանրապես չկան։ Հարցազրույցներ, մամուլի ասուլիսներ և այսքանը։ Լուրջ բանավեճ չկա։ Իսկ երբ տեղի կունենա Սերժ Սարգսյանի հետ քննարկումը, կխոսենք՝ արհեստակա՞ն են դրանք, թե՞ լուրջ։

-Այս արձանագրություններն ի՞նչ ազդեցություն կունենան կամ ունեն սփյուռքի վրա։

-Սփյուռքում շատ լուրջ խլրտումներ կան հիմա։ Սփյուռքում ուղղակի չեն հասկանում՝ ի՞նչ է անում Հայաստանը, և ի՞նչ իրավունքով է խլում սեփական ճակատագիրը տնօրինելու և պատմական արդարությունը հաստատելու սերունդների իրավունքը։ Բացի այդ, մեր անվտանգության հայեցակարգը կետ ունի, որտեղ ասված է, որ սփյուռքի հետ հարաբերություններում Հայաստանը նախատեսում է, որ ազգին վերաբերող բոլոր կարևորագույն հարցերում սփյուռքը պետք է ներգրավված լինի համակարգային կերպով, որ քննարկի Հայաստանի հետ այդ հարցերը։ Տվյալ դեպքում սփյուռքից բացարձակապես չեն հարցրել, սակայն սփյուռքը հենց նրանք են, ովքեր տուժել են Ցեղասպանությունից։ Այս բոլոր հարցերն իշխանություններն իրավունք չունեն իրականացնել՝ առանց ողջ հայ ժողովրդի կարծիքը հարցնելու։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը