Կարծիք

01.10.2014 21:34


Արմեն Հարությունյան. Լսիր իշխանություններին ու հակառակն արա

Արմեն Հարությունյան. Լսիր իշխանություններին ու հակառակն արա

Իշխանությունների արտաքուստ օլիմպիական հանդարտությունը, թե իբր «եռյակի» նախաձեռնած հանրահավաքային շարժումից մտահոգ չեն, իրականում՝ իրենց սպասարկող լրատվամիջոցների ու օրավարձով աշխատող ակտիվիստների միջոցով մի այնպիսի անհանգիստ շարժումներ են անում, որով ամբողջովին բացահայտում են իրենց վախերը:

Առավոտից երեկո խեղճ լրագրողները դռնեդուռ են ընկել՝ հերթով «եռյակի» բոլոր անդամներին հարց տալու՝ Երևանի հանրահավաքի օրակարգի, պահանջների մասին, որպեսզի պատասխանները համեմատեն մեկը մյուսի հետ ու իրենց «արևին» ինչ-որ հակասություններ գտնեն՝ դա ներկայացնելով որպես միասնական տեսակետի բացակայություն: Իսկ ամենաառանցքայինը՝ մատնանշում են, որ իշխանափոխոթյան պահանջ ոչ բոլոր են դնում «եռյակում»:

Բայց քանի անգամ կարելի է բացատրել, որ հանրահավաքում քննարկվելու են իշխանությանը ներկայացված 12 կետանոց պահանջներն ու սահմանադրական փոփոխություններին դեմ լինելու դրդապատճառը: Իսկ այդ կետերի կատարումը պահանջելն ու սահմանադրական փոփոխություններին դեմ լինելը իշխանափոխության պահանջ է, պարզապես այլ բառերով։ Իսկ թե ի՞նչ զարգացումներ կլինեն, արդեն գործընթացը ցույց կտա։ Ի վերջո 88–ի շարժման ժամանակ էլ իշխանափոխության պահանջ չէր դրվում, բայց իշխանությունը փոխվեց։
Համ փորձում են մեղադրել «եռյակին», թե իրենց շահի համար են հանրահավաք անում` ոչ ժողովրդի, համ էլ չեն հաշտվում այն մտքի հետ, որ հարկավոր է լսել ժողովրդի պահանջը՝ նոր իրենց պահանջը ձևակերպեն:

Իհակե «եռյակի» տարբեր անդամների անձնական տեսակետները տակտիկական հարցերում կարող են նաև տարբեր լինել, կարող են տարբեր լինել անգամ նույն կուսակցության անդամների մոտեցումները: Դրանում ի՞նչ զարմանալու բան կա: Եթե բոլորն ունենային մեկ կարծիք, ավելի ճիշտ մեկի կարծիք՝ ՀՀԿ-ում կլինեին: Ուրիշ հարց, որ «եռյակի» «ուղեղային» կենտրոնը կարող է մշակել հավանական զարացումների մի քանի սցենար, բայց նախ. իշխանական լրատվամիջոցներին չի հաջողվի իմանալ նրանց ով լինելը, երկրորդ. եթե պատահաբար նրանցից մեկին հարցնեն առաջիկա հանրահավաքի մասին՝ հաստատ որևէ գաղտնիք չեն իմանա: Այնպես որ ջանասիրաբար պնդել, թե «եռյակը» դեռ չի որոշել՝ իշխանափոխության պահանջ դնելու է, թե ոչ, կամ ինչ կարգի պահանջ է ներկայացնելու իշխանություններին, դրանով մեկ անգամ ևս հասարակությանը համոզում են, որ Ազատության հրապարակում մեզնից յուրաքանչյուրի կարծիքից է ձևավորվելու հանրահավաքի հավաքական կարծիքը, որը կդրվի առաջիկա պայքարի «ճանապարհային քարտեզի» հիմքում: Ու եթե Բաղրամյան 26-ի PR-շիկները ցանկանում են «եռյակին» մեղադրել, ապա միանգամայն հակառակ արդյունքն են ստանում. հոկտեմբերի 10-ին որոշումը կայացնելու ենք մենք, ուստի պետք է գնանք ու մեր ձայնին տեր կանգնենք Ազատության հրապարակում, որպեսզի մեր փոխարեն ուրիշները չորոշեն մեր ճակատագիրը, ինչպես դա կատարվում է մեզ հետ իշխանությունների պարագայում:

Այնպես որ, եկեք այս անգամ հավատանք իշխանության «սազանդարներին», որ ամեն ինչ ոչ թե վաղօրոք որոշված է, այլ մենք ենք միասին որոշելու, ու դրա համար հարկավոր է ապահովել հնարավորինս մեծ ներկայություն:
Ուրեմն հոկտեմբերի 10-ին բոլորս դեպի Ազատության հրապարակ՝ տեր կանգնելու մեր պայքարին:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1479407898997659&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը