Քաղաքական

01.10.2014 18:29


Հովիկ Աբրահամյան. «Երկրորդ մարտի մե՞կ եք ուզում՝ էս երկրում ունենաք» (տեսանյութ)

Հովիկ Աբրահամյան. «Երկրորդ մարտի մե՞կ եք ուզում՝ էս երկրում ունենաք» (տեսանյութ)

ԱԺ–Կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հարց է հնչեցրել «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված։

–Բոլորը վեր են կացել ոտքի և ասում են՝ չենք ուզում այդ օրենքով աշխատել։ Մեր հասարակությունը բողոքում է, մարդիկ ամբողջ օրն անձրևի տակ կանգնած ասում են՝ մենք չենք ուզում աշխատել այսպիսի ճանապարհով։ Իսկ ի՞նչ է անում Կառավարությունը, ասում է՝ սա՛ ենք անում ու վերջ։ Ձեր բարեփոխումը դառնում է չարեփոխում, որովհետև մարդիկ չեն ուզում այդ օրենքով աշխատել։ Եթե դա անհասկանալի է, ուրեմն ժողովրդի ճնշումը գնալով մեծանալու է, լինելու է լարվածություն, որը, կարծում եմ, ոչ մեկին էլ պետք չէ մեր երկրում,–ընդգծել է Վ. Բաբայանը։

Հարցին պատասխանել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հայտարարել է. «Ուլտիմատումով կեցվածքն ինձ համար անհասկանալի է»։

–Էդ խոսալու ոճը ես չգիտեմ, դուք փողոցի՞ց եք բերել էս դահլիճ։ Այն ժամանակ, որ ես աշխատում էի ԱԺ նախագահ, ըտենց ոճ չկար։ Էդ ոճը՝ պահանջատիրական, փողոցով մեզ ահաբեկել, էդ բաները, ես կարծում եմ, որ այս դահլիճում քննարկելու տեղ չէ։ Մենք քայլ ենք կատարել, իջեցրել ենք բեռը, և ինձ համար անհասկանալի է, թե ինչու են բողոքում,–ավելացրել է Հ. Աբրահամյանը՝ վստահեցնելով, որ իրենք չեն գնալու փոքր ու միջին ձեռնարկատերերին ստուգելու.

–Մենք սկզբից սկսելու ենք խոշորներից։ Մեր նոր կառավարությունը նման ցանկություն չունի, ես չգիտեմ՝ դա ում հնարածն է, թե մենք գնալու ենք, թուրը քաշելու ենք, սկսելու ենք փոքր ու միջին ձեռնարկատերերին ճնշել։ Ո՛չ, նման բան չի լինելու. մեր խնդիրն այն խոշոր ձեռնարկատերերն են, ովքեր ստվերում են աշխատում, որպեսզի գան հարկային դաշտ։

Հ. Աբրահամյանը նաև դժգոհել է, թե մի ճամբար են ընտրել, իբր, ժողովրդի մասին են մտածում, իսկ ահա Կառավարությունը չի մտածում.

–Սխալվո՛ւմ եք, մե՛նք ենք մտածողը։ Միտինգ անելով, դժգոհողներ հավաքելով երկրում հարց չի լուծվում։ «Քառյակին» եմ ուզում խոսքս ուղղել։ Ի՞նչ եք դուք ուզում, որ էս երկրում իշխանափոխությո՞ւն լինի, հեղափոխությո՞ւն լինի։ Երկրորդ մարտի մե՞կ եք ուզում՝ էս երկրում ունենաք։

Վերջում Հովիկ Աբրահամյանն առաջարկել է միասին աշխատել։

–Միգուցե շատ խելոք գաղափարներ կտաք, կարող է՝ մեկ ամսում կառավարեք, էս երկիրը ուղղեք, դզեք, չգիտեմ։ Ես առաջարկում եմ՝ էդ կախարդական փայտիկը փոխանցեք մեզ, մենք փորձենք էս երկիրը տանենք առաջ,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը