Քաղաքական

01.10.2014 11:45


«Քառյակն» առաջարկում է հրատապ խորհրդակցություն հրավիրել ԱԺ նախագահի մոտ (տեսանյութ)

«Քառյակն» առաջարկում է հրատապ խորհրդակցություն հրավիրել ԱԺ նախագահի մոտ (տեսանյութ)

Քիչ առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում ավարտվել է ոչիշխանական խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, «Ժառանգություն» և ՀՅԴ–ի աշխատանքային հանդիպումը։ Դրա ավարտից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողներին հայտնել է, որ «քառյակը» որոշում է կայացրել ԱԺ այսօրվա լիագումար նիստում դիմել խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերին, այդ թվում՝ քաղաքական մեծամասնությանը, որպեսզի ԱԺ նախագահի մոտ անհապաղ խորհրդակցություն հրավիրվի, և քննարկվի «Շրջանառաության հարկի մասին» օրենքի հետ կապված հարցը։

–Եթե լուծումների շուրջ մենք հրատապ չգանք որոշակի համաձայնության՝ սկսած օրենքի ժամանակավոր կասեցումից մինչև նոր օրենքի քննարկում, ապա մենք նորից կօգտագործենք մեր զինանոցի մյուս գործիքներից մեկը և նորից ստորագրահավաք կիրականացնենք՝ հրատապ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով,–ասել է Մ. Մելքումյանը։

Նա առաջարկել է սպասել դեպքերի զարգացմանը, քանի որ կարծում է՝ քաղաքական մյուս ուժերն էլ արդեն ընկալել են, որ այդ խնդիրը լուծում կգտնի.

–Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, և մենք հույսերով չենք խոսում, այլ հստակ քայլեր ենք ասում, և եթե մեր քայլերն ընկալվում են, համարժեք արձագանք է լինում, կառուցողական երկխոսություն է ակնկալվում, ուրեմն մենք պետք է առաջ գնանք։ Այսինքն, մենք խնդիրը չենք քաղաքականացնում և որևէ քաղաքական կամ կուսակցական դիվիդենտ շահելու խնդիր չունենք։ Պարզապես մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների խնդիրն ենք լուծում։ Հենց հիմա մեզ զանգահարեցին, որ Գյումրիում նորից մեծ հանրահավաք է, խանութները փակվել են,–ավելացրել է Մ. Մելքումյանը։

Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» վիճահարույց օրինագիծն ուժի մեջ է մտնում այսօրվանից։

Նշենք նաև, որ այսօր՝ 15:30–ին, ԱԺ–ի մոտ փոքր ու միջին ձեռնարկատերերը կրկին բողոքի գործողություն են իրականացնելու։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը