Կարծիք

30.09.2014 20:35


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Վերարտադրվում եք, որ ի՞նչ անեք

Իշխանությունները համառորեն պնդում են սահմանադրական փոփոխություների անհրաժեշտությունը ու դրան զուգահեռ՝ չեն թաքցնում, որ մտադիր են վերարտադրվել ու տարիներով մնալ Հայաստանի «վրա», ասենք՝ մի քսան տարի: Չկարծեք, թե այդքան համեստ են, որ չեն ասում 200 տարի: Ուղղակի լավ գիտեն, որ եթե իրենց պաշտոնավարումը մի քանի տարի էլ երկարի, կկորցնենք Հայաստանը, իսկ այդ դեպքում արդեն 20 տարի նշելով՝ ոչ թե համեստություն են անում, այլ լկտի անհամեստություն, որ կարծում են, թե երկիրը 20 տարի իրենց ձեռքում կդիմանա:

Եվ այսպես, ի՞նչ կիսատ գործեր են թողել այս իշխանությունները, որ ցանկանում են վերարտադրվել ու դրանք ավարտին հասցնել:

Թվարկենք մի քանիսը՝ պատահական հերթականությամբ:

Առաջին՝ իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում, իսկ իրականում՝ չեն ուզում մի քանի տասնյակ խոշոր գործարարների ստիպել՝ ապրանքաշրջանառությունը պատշաճ կերպով փաստաթղթավորել, բայց փոխարենը ստիպում են մի քանի տասնյակ հազար փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներին, որպեսզի նրանք ստիպեն խոշորներին մտնել օրինական դաշտ:

Երկրորդ՝ Սերժ Սարգսյանն այնքան դեմոկրատ կարող է ձևանալ, որ ԱՄՆ-ում հանդիպի ուսանողների հետ ու նրանց հարցերին պատասխանի, բայց առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության՝ Շանթ Հարությունյանին քրեական հանցագործ համարի՝ անմեղության կանխավարկածին հակադրելով մեղավորության սերժավճիռը:

Երրորդ՝ արտերկրի գործարարին ասի՝ արի Հայաստանում բիզնես դիր, ու եթե դժվարություններ ունենաս, դիմիր ինձ: Ու հասկանալի է, որ ինքը հավերժ չէ, բայց տալիս է անձնավորված երաշխիք: Ստացվում է, որ գործարարը պետք է ջանքուեռանդ չխնայի Սարգսյանի վերարտադրվելուն օգնելու գործում, որպեսզի նա էլ երաշխավորի գործարարի բիզնեսի անվտանգությունը:

Չորրորդ՝ մենաշնորհների դեմ պայքարելու համար հարկավոր է այնպիսի իրավական երաշխիքներ ապահովել ձեռնարկատիրական գործունեության համար, հավասար մրցակցային դաշտ ստեղծել, որպեսզի այս փոքր երկրում մեկը մյուսին չխանգարի՝ մեկը շաքարավազ ներկրի, մյուսը՝ բենզին:

Հինգերորդ՝ իշխանությունները, չունենալով բավարար հանրային վստահության ռեսուրս «մարդակենտրոն» Սահմանադրությունն անցկացնելու համար, Լիսկային նշանակում են մարզպետ, որպեսզի մարզում ստեղծվի վախի մթնոլորտ, մարդիկ հանրահավաքի չգնան, իրենց իրավունքների համար չպայքարեն, հետագայում Լիսկան կարողանա սահմանադրական հանրաքվեի ժամանակ ինչքան ուզի՝ այդքան խփի, արդյունքում՝ սահմանադրական փոփոխություններն անցկացնի, որպեսզի դրանով իր նմանները վերանան մեր կառավարման համակարգից:

Այ այսպիսի աբսուրդների շարանին հանդիպելիս որոշ երիտասարդներ հարց են տալիս՝ հարգելի՛ իշխանավորներ, այդ ի՞նչ երազներ եք տեսնում, ասեք՝ մենք էլ տեսնենք, որ կարողանանք ձեզ ու ձեր արածը հասկանալ:

Ինչ խոսք՝ որոշ թույլ խառնվածքի տեր գործիչներ, որոնք կարծելով, թե այս իշխանությունների դեմ պայքարելն անօգուտ է, հաշտվել են իրավիճակի հետ ու դարձել իշխանության հլու–հնազանդ «սազանդարները»։ Աստված իրենց հետ. թող բարբաջեն՝ որքան կուզեն: Բայց հասարակությունն իրավունք չունի հանդուրժելու այս վիճակը և պետք է ամեն ինչ անի՝ հասնելու համակարգային փոփոխությունների։
Եվ ուրեմն, սկզբի համար՝ Երևան՝ Ազատության հրապարակ, հոկտեմբերի 10՝ ժամը 18:00:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1478750335730082&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը